20․05․2021թ․
22։44- Քվեարկության արդյունքներով ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Կողմ քվեարկեց 25 պատգամավոր, «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը: |1lurer.am|
22։01- Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն իր այդ կարգավիճակի բերմամբ չունի նման տիպի պայմանագիր ստորագրելու իրավազորություն և զուրկ է նվազագույն լեգիտիմ հիմքերից։ Սահմանազատման հարցը չի կարող լուծվել ԽՍՀՄ կողմից ապօրինի և կամայական կերպով կատարված վարչատարածքային բաժանման հիման վրա։ Նման մոտեցումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը այժմյան ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24-ի որոշումն է։ [ԱԺԲ]
21։57- Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ԱԺ փոխխոսնակը կիսվել է կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականներով։ Կողմերն ընդգծել են ԼՂ խաղաղ կյանքի վերադարձման, նաև հայ-ադրբեջական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ կողմից ձեռնարկվող ջանքերի կարևորությունը։ Արձանագրել են, որ Հվ․ Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։
21։46- «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ու Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող քաղաքացիները ՀՀ ԱԳՆ դիմաց ակցիա իրականացրին: Այստեղ նրանք դիմեցին նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին և պահանջեցին, որ նա վաղը՝ մինչև ժամը 13:00-ն, իրենց պատվիրակությանն ընդունի և բաց տեքստով ներկայացնի այն անհամաձայնությունները, որոնք, ըստ նրանց, առկա են Նիկոլ Փաշինյանի և Արա Այվազյանի միջև։ |armtimes.com|
21։10- Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց դեռ քննարկումներ չենք սկսել, քանի որ մինչև դա շատ կարևոր է, որ ադրբեջանական զինուժը լքի ՀՀ տարածքը, այդ իսկ պատճառով հանրության հետ հաղորդակցություն չի եղել: Միակ պատճառը դա է: Հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս նման հաջողությունը, նրանք ցայտնոտի մեջ են: Ադրբեջանական ԶՈՒ գործողությունները նպատակ են ունեցել սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին, և որքան մեծանում է խաղաղ լուծման հնարավորությունը, ավելի շատ են փորձեր արվում տորպեդահարել այդ գործընթացը: [ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ԱԺ հատուկ նիստում]
21։02- Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։ Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները: Կառավարության պարտքն է կազմակերպել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով։ [«Հայաստան» դաշինք]
20։43- Այդ օրը ես հայտարարել էի, որ սահմանին լարվածությունն աճում է: Այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Հիմա ասում են՝ ՊՆ-ն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին, նրանք էլ տարածում են։ [Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից արված տեսանյութի մասին] |armenpress.am|
20։31- Դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ օրվա գործ չեն։ Հետխորհրդային՝ մեր տարածաշրջանի երկրները, չնայած 30 տարի առաջ սկսել են այս գործընթացը, ոչ մեկը ավարտին չի հասցրել։ Անընդհատ խոսվում է, որ մենք ինչ-որ տարածքներ ենք հանձնում․․․ Սիրելի հայրենակիցներ, այսօր արցախյան առաջին պատերազմի հետեւանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Էսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող։ Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ վերահսկողության ներքո։ Ավելին՝ դեռեւս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈՒ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ [Նիկոլ Փաշինյան]
20։06- Այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտոնակից Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը։ [ՌԴ ՊՆ] |tert.am|
19։50- Փաստաթղթի մեջ ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Ադրբեջանն ուզում է սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում]
19։36- Հայաստանի հասարակությունը պետք է համակերպվի նոր իրողության հետ: Մենք արդեն առաջարկ ենք արել, սակայն Հայաստանի իշխանությունը չի պատասխանել: Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ ենք սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ՝ վերջ դնելու պատերազմին, հավանական ռազմական առճակատմանը: Մենք պետք է խաղաղության պայմանագիր ունենանք, մենք պետք է Հայաստանի հետ սահմանազատում իրականացնենք։ [Իլհամ Ալիև] |tert.am|
19։21- Մեկ ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից մեր պետական սահմանը խախտել են։ Չգիտեմ՝ բանակցային փուլն ինչ ընթացք է ունեցել, լավ, թե վատ, բայց այսօրվա դրությամբ արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ հակառակորդի ԶՈՒ-ն անընդհատ լարվածություն է առաջացնում։ Այս պահի դրությամբ էլ 30 հոգի խախտել է մեր սահմանը, ու անընդհատ բրդում են կռվի, պատերազմի։ [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան]
18։28- ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: Հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է: Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի ՀՀ Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի ՀՀ պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր, ըստ էության, տեղի է ունենում․ [Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում]
18։00- Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Զարգացումները տեղի են ունենում շատ արագ և այնուամենայնիվ հարցերի հասցեատերը Կառավարությունն է: Բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջև, արտգործնախարարությունը տեղյակ է, բայց երեկ ադրբեջանական կողմը ներկա չի եղել բանակցություններին և որևէ նոր տեղեկություն չունի: [ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնց] |tert.am|
17։17- Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։ՀՀ զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։ [ՊՆ]
17։12- Մոսկվայի համար նշանակություն չունի, թե կմասնակցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե ոչ: Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ այն է, որ հարցը լուծվի հնարավորինս արագ և խաղաղ ճանապարհով: Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման մեջ դնել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ ձևաչափով, մենք միայն կողմ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը։ Այժմ տեղի ունեցող միջադեպը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Հետևաբար, ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում։ [ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո] |tert.am|
17։03- Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։ [ՀՀ ՊՆ]
16։57- Այն տղաները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են՝ բոլորը ողջ առողջ են եւ այդ միջադեպի արդյունքում մենք գերի չունենք: Գերեվարվելու մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: [ՀՀ ՊՆ] |armtimes.com|
16։50- Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանների երկայնքով սահմանազատումներ իրականացնելու գործընթացում: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ: Հետևաբար, մենք պատրաստ ենք մասնակցել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր կողմերի համապատասխան խնդրանքի ու համաձայնության դեպքում։ Սահմանազատման ու սահմանագծման խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը: [ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո] |tert.am|
16։43- Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ։ [ՀՀ ՊՆ] |tert.am|
16։10- Մայիսի 14-ին մենք հայտարարել էինք, որ բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։ Ողջունում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված և ըստ էության այս օրակարգը կիսող հայտարարությունը և հայտնում ենք մեր համերաշխությունը այս օրակարգը ընդունող ուժերին։ [ՔՈ կուսակցության մամուլի ծառայություն]
16։05- 1. «Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:
2. Պահանջում է անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով:
3. Կոչ է անում հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին և ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց ներկայացված դրույթները բավարարելու պահանջով:
4. Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով պայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ: [«Պատիվ ունեմ» դաշինք]
15։55- Հանրապետության նախագահը նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին: Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ [ՀՀ նախագահի շախատակազմ]
15։52- Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ սահմանզատմանը վերաբերող հնարավոր փաստաթուղթի և դրա ստորագրման գործընթացի մասին] |aysor.am|
15։35- Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում: Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ [Ռոբերտ Քոչարյան] |tert.am|
14։33- Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ։ [Լուսավոր Հայաստան կուսակցություն]
13։19- Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց, ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ: [ՄԻՊ Արման Թաթոյան]
13։10- Այս պահին կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա։ Քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է սահմաններին և տարածքային ամբողջականությանը, պահանջում է խորհրդարանի վավերացում, և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետ չուղարկվել ՍԴ և հետո խորհրդարանում չվավերացվել։ [Էդմոն Մարուքյան]
12։20- Բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, կիմանան՝ ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու, դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու, դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացի թույլ չտալու և էսկալացիան քաղաքական դիվանագիտական ճանապարհով կարգավարելու համար։ [Նիկոլ Փաշինյան]
11։27- Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90%-ը ծածկված է, և դա ներակայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, և այո՛, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում։ [Նիկոլ Փաշինյան]
11։18- Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արդեն հայտնի սահմաններում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգի։ [Նիկոլ Փաշինյան]
10։52- Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարներ Վաղարշակ Հարությունյանի Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները, նա շեշտել է, որ ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։ Քննարկվել է նաև ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։ [ՀՀ ՊՆ]
09։32- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մի շարք թեմաների հետ մեկտեղ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը։ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: |armenpress.am|
09։26- Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: [Հունաստանի ԱԳՆ] |tert.am|
19․05․2021թ․
22։10- Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: [ՀՀ ՊՆ]
21։06- Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են ՀՀ ինքնիշխան տարածքը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների եւ դրա մեթոդաբանության շուրջ:
19։03- Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը `ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ [Կրեմլի մամուլի ծառայություն] |factor.am|
18։46- Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Ոչ պակաս կարևոր է մեր դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: [ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել]
17։44- Կրկին ասում եմ, որ մեզ համար դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից: [ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան]
16։03- Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար։ Ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը: [ԱԳ նախարար Արա Այվազյան]
15։16- Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: ՀԱՊԿ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը: Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս] |armtimes.com|
15։09- Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: [Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ] |armenpress.am|
14։47- ՀՀ իշխանության մարմիններին որպես ՀՀ ՄԻՊ զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ ՀՀ քաղաքացիների ու նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից:
14։22- Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։ [ՀՀ ՊՆ]
13։44- Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկությանն ի պատասխան ՀՀ-ն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Ընդգծում ենք, որ ՀՀ համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] |armenpress.am|
11։14- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ [ՀՀ ՊՆ]
10։09- Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ-ն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում՝ հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք՝ միջնորդի։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tert.am|
09։50- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Լավրովի խոսքով՝ խնդրանքին համապատասխան՝ քննարկվել է իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առնչությամբ։ |tert.am|
18․05․2021թ․
21։41- Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում՝ նաև ուժային տարբերակով։ [ՀՀ ՊՆ]
18։23- «Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։ |armenpress.am|
17։16- Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով։ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով: [ՌԴ ԱԳՆ] |tert.am|
17։05- Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել: Վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, վեճը շատ արագ հարթվել է։ [ՀՀ ՊՆ] |tert.am|
15։28- Սաղ սուտ ա, ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Թե ով է նման տեղեկատվություն տարածում՝ չեմ կարողանում գտնել: Մի կրակոց անգամ չի եղել։ Պարզապես թեթևակի առաջխաղացում է եղել, հետո հետ են գնացել․հետները զրուցել եմ, իրար հասկացել ենք՝ հետ են գնացել իրենց տեղերը: [Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը՝ Հաթերքում դիրքեր առաջ տալու վերաբերյալ] |civilnet.am|
11։58- Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական ԶՈՒ կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը։ [ՊՆ]
11։09- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մայիսի 17-ի երեկոյան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սալիվանն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ և ընդգծել այդ տարաձայնությունները խաղաղ տարբերակով կարգավորելու անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է կողմերի կողմից միջազգային սահմանի դեմարկացիայի հարցի կառուցողական քննարկման անհրաժեշտությունը: Ալիևը համաձայնել է Սալիվանի հետ այն հարցում, որ անհրաժեշտ է սահմանի դելիմիտացիայի բանակցություններ սկսել և ընդգծել այդ գործընթացի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխանելու կարևորությունը: |tert.am|
10։06- Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը։ Գրիգորյանը Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին: Վերջինս նշել է, որ Տաջիկստանի նախագահի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ ԱԳ նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:
17․05․2021
22:45- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից: Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:
21:55- Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանական ԶՈՒ-երի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ [ՀՀ ՊՆ]
20:07- Տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը։ Գրիգորյանը Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը: Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը: Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:
19:45- Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ ԱԳ նախարարը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով։ [Ֆրանսիայի ԱԳՆ] |armenpress.am|
19։13- Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։ [ՀՀ ՊՆ]
19։00- ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստը՝ ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար: Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:[ՀՀ ԱԽ գրասենյակ]
17։18- 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ: [ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակ] |armtimes.com|
17։14- Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, և սահմանային հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին։ [ՊՆ]
16։31- Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանազատման հարցում: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ էմոցիաների սրման որեւէ պատճառ չկա։ Ոչ մի կրակոց չի արձակվել, որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Նրանք հանգիստ սկսել են պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը: Մեզնից օգնություն են խնդրել, մեր զինվորականներն օգնություն են ցույց տվել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրով] |ria.ru|
14։49- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |armtimes.com|
14։40- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։ [ՀՀ կառավարություն]
13։23- Ադրբեջանի նախագահը պնդում է, թե հայկական կողմն անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին։ Այս մասին Իլհամ Ալիևն ասել է ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հեռախոսազրույցում։ Ալիևը նշել է, որ այս առնչությամբ «ՀԱՊԿ-ին դիմելու Երևանի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդիրը միջազգայնացնելու փորձ, ինչը բոլորովին անհիմն է»։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է,որ սահմանին բախումներ չեն եղել, բանակցություննեը շարունակվում են։ |azatutyun.am|
12։16- Երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, իրավիճակը գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում ՀՀ ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]
12։19- Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Նշանակում է, որ պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է․ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն ՀՀ տարածքը: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]
12։15- Ուզում եմ շեշտել, որ ՀՀ-ն երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]
12։09- Առավոտյան տեղի ունեցած ԱԽ նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Բացի ներքին անվտանգային միջոցառումներից՝ Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: [Նիկոլ Փաշինյան]
16․05․2021թ․
23։06- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Առանցքային թեման ՀՀ սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։ [ՀՀ ԱԳՆ]
20։04- ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին։ [ԱԽ]
16:08- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։
12:12- Սահմանային խնդիրների սկզբնապատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացումն է մինչև 2020-ի նոյեմբերը։ Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը վերականգնում է միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Հասկանալի է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը և սադրիչ հայտարարությունները կապված են այդ երկրի նախընտրական իրավիճակի հետ։ Այդ հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու Հայաստանի փորձերն անընդունելի են։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով։ [Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա] |civilnet.am|
11:11- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, չի փոխվել։ Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում ադրբեջանական զինուժը զրկված է սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։ Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։ [ՀՀ ՊՆ]
10:33- Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելելով գյուղ։ Արձանագրվել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ: Մարդկանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը: [ՀՀ ՄԻՊ]
10:17- Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ: Մեր ունեցած դիվանագիտական բոլոր խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք: [Էդմոն Մարուքյան]
Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։
comment.count (0)