Մետաղական հանքավայրեր շահագործողների համար հարկման նոր կարգավորումներ կգործեն |hetq.am|
14:38 - 24 մայիսի, 2022

Մետաղական հանքավայրեր շահագործողների համար հարկման նոր կարգավորումներ կգործեն |hetq.am|

hetq.am: Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը նախատեսվում է դարձնել ավելի արդյունավետ, մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող: Խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

«Առաջարկվող համակարգը ենթադրում է ռոյալթիի շահութաբերությունից կախված բաղադրիչի ամրապնդում, առաջարկվում է շահութաբերությունից կախված երկրորդ բաղադրիչի ներմուծում: Այն ըստ էության ավելի երկար ժամկետի համար նախատեսված լուծում է: Եվ դրանով իսկ ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր կարող է ապահովել ոլորտում ներդրումներ կատարած, կատարելու մտադրություն ունեցողների համար: Ի տարբերություն ռոյալթիի շահութաբերությունից կախված գործող բաղադրիչի, այդուհանդերձ երկրորդ բաղադրիչն ունի մի փոքր այլ տրամաբանություն այն իմաստով, որ առաջարկվում է լրացուցիչ հարկերով ծանրաբեռնել շահույթի այն մասը, որը ըստ էության ամբողջությամբ տնօրինվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից»,- ասաց փոխնախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը մանրամասնեց` հանքարդյունաբերական ընկերությունները վճարում են շահութահարկ, նաև՝ ռոյալթի, որն իրենց շրջանառությունից կախված որոշակի տոկոս է և շահույթից կախված որոշակի գումար:

«Ռոյալթիի իմաստն այն է, որ հանքարդյունաբերող ընկերությունը մասնավոր ընկերություն է և աշխատում է շահույթի համար և ինչպես մնացած բոլոր ընկերությունները վճարում է շահութահարկ, սակայն, քանի որ ընդերքը պատկանում է ժողովրդին, իրենք անկախ նրանից՝ շահույթով կաշխատեն, թե վնասով, միևնույն է, պետք է որոշակի գումար մուծեն»,-ասաց նա:

Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ պղնձի գների աճին համահունչ, երբ կար կանխավարկած, որ հանքարդյունաբերական ընկերությունները բավական բարձր շահույթներ են ապահովում, այդ շահույթը հասարակության և ընկերության միջև արդարացի բաշխելու համար ներդրվել է պղնձի, մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը:

Թունյանի համոզմամբ, սակայն, տուրքի ներդրումը որոշակի խնդիր է պարունակում, հաշվի չի առնվում տարբեր հանքերի մեջ պղնձի կամ այլ մետաղների պարունակությունը:

«Հիմա առաջարկվում է հետևյալը՝ մենք այդ արտահանման տուրքը հանում ենք: Փոխարենը ունենում ենք հետևյալ պատկերը՝ ընկերությունները վճարում են շահութահարկ, վճարում են ռոյալթի՝ ինչպես նախկինում, սակայն սահմանվում է որոշակի շեմ, որը պայմանական կարող ենք անվանել գերշահութաբերության շեմ՝ 10 տոկոս, և, եթե ընկերությունն այդ 10 տոկոսից բարձր շահութաբերությամբ է աշխատում, այդ ավելցուկ մասի համար լրացուցիչ 15 տոկոս պետք է վճարի»,- պարզաբանեց Բաբկեն Թունյանը:

Թունյանի խոսքով` վնասով աշխատող ընկերությունների համար ոչինչ չի փոխվի, արտահանման տուրքը դուրս կգա, եթե պղնձի գները պահպանվեն բարձր մակարդակի վրա, ընկերությունները աշխատեն շահութաբերության որոշակի մակարդակից վերև, կվճարեն ավելի շատ, քան նախկինում էին վճարում, բայց ավելի քիչ, քան հիմա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել