Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նախագահի տեղակալն է նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը
 |armenpress.am|

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ Գյումրու «Թումո» կենտրոնում մարտի 11-ին  մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի նպատակը պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները բացահայտելը, ինչպես նաև՝ բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները ներկայացնելն է։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Մեկ հարթակում քննարկվեցին  մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։ ««Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը հնարավորություն է տալիս գործարարին հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ։ Տնտեսական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է։ Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթությունները առանձնացնելը խիստ կարևոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Ի դեպ, Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար»,-իր խոսքում նշեց ԱԺ-ի՝ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով պետության կողմից արտադրողականության ավելացմանը նպաստող բաղադրիչներից, առանձնացրեց սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրը, որի շրջանակներում, փետրվարի 1-ի դրությամբ, 1245 ընկերություն շուրջ 74  մլրդ. դրամի նոր սարքավորումներ է ձեռքբերել: «Կառավարությունն իրականացնում է ձեռքբերված սարքավորումների վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ուզում եմ շեշտել «նոր» բառը, որովհետև մենք ուզում ենք, որ ընկերությունները գնեն նոր, բարձր արտադրողականությամբ, էներգոարդյունավետ  սարքավորումներ, և բարձրացնեն իրենց արտադրողականությունը»,-նշեց նախարարը՝ խորհուրդ տալով բոլորին օգտվել այս ծրագրից: Քերոբյանը նաև խորհուրդ տվեց օգտվել օտարերկրյա բարձրագույն որակավորում ունեցող  մասնագետների ծառայություններից:  «Եթե ձեր բիզնեսի համար վարձում եք բարձր որակավորում ունեցող մասնագետ, ով սովորել է աշխարհի լավագույն  400 համալսարաններից մեկում, կամ աշխատել է առաջնակարգ ընկերություններում, ապա Կառավարությունը պատրաստ է նրա աշխատավարձի որոշակի տոկոս սուբսիդավորի»,-նշեց նախարարն՝ ընդգծելով, որ դա արվում է Հայաստանում բացակայող գիտելիքները Հայաստան բերելու նպատակով:  Որպես արտադրողականությունը բարձրացնող  բաղադրիչներ,  նախարարը նշեց նաև թվային տրանսֆորմացիան և նորարարությունների կիրառումը: Այն, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների կարիքը մեծ է, հաստատեց  Բաբկեն Թունյանը՝  վստահեցնելով՝ նման կազմով մարզ են եկել գործարարներին հուզող խնդիրներն ու առաջարկները լսելու, հնարավորության դեպքում՝ հարցերին անմիջապես պատասխանելու, կամ՝ դրանք Կառավարությանը փոխանցելու նպատակով: Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում:
17:58 - 11 մարտի, 2023
Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Խորհրդարանը փետրվարի 10-ին շարունակել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, Հայաստանում ավազի շուրջ 70 տոկոսն ապօրինի է արտահանվում եւ «սեւ շուկայում» է: Կա վիճակագրություն, որ արդյունաբերական բետոնի ծավալները տարեցտարի աճում են, օրինակ՝ 2021 թվականին աճել են 66 տոկոսով, բայց նվազել է ավազի արդյունահանումը, ինչը չի կարող այդպես լինել: Պատգամավորի խոսքով այստեղ գործ ունենք ավազի ապօրինի արդյունահանման հետ: Ներկայացնելով ավազի ապօրինի արդյունահանման որոշ օրինակներ՝ պատգամավորը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի ուսումնասիրություններ կատարի եւ փարատի մտահոգող կասկածները:
14:42 - 10 փետրվարի, 2023
Կառավարությունն առաջարկում է բեռնվածքի մինչև մեկ և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցելու դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամի չափով

 |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է բեռնվածքի մինչև մեկ և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցելու դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամի չափով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը առաջարկում է մեկ սռնու վրա ընկնող բեռնատար մեքենայի բեռնվածքի թույլատրելի շեմը մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցման դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամ։ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը։ «Նախագծով առաջարկվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել պատասխանատվության միջոց։ Հիմնական փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրումներ իրականացնողները տուգանվում էին 200 հազար դրամով։ Նախագծով առաջարկում ենք մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա բեռնվածքը գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոց սահմանել 200 հազար դրամի չափով»,- ասաց Դանիելյանը։ Ներկայացնելով վիճակագրությունը, գործադիր մարմնի ներկայացուցիչը պատգամավորների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիմնական իրավախախտումները իրականացվում են 1 տոննայից ավել գերազանցելու դեպքերում, եղել են նույնիսկ մինչև 30-35 տոննա թույլատրելի շեմի գերազանցում։ «Այս պարագայում պրոգրեսիայի կիրառումը ավելի քան անհրաժեշտ է և միանշանակ զսպող կլինի»,- ասաց Դանիելյանը։
12:26 - 30 նոյեմբերի, 2022
Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագիր ներկայացնողներ. փոխնախարարը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին

 |armenpress.am|

Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագիր ներկայացնողներ. փոխնախարարը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում, գուցե, հայտարարատուների շրջանակում չընդգրկվեն անչափահասները, կառավարությունն այս մասով դեռ վերջնական որոշում կընդունի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկման ընթացքում «Նախատեսվում է 2023 թվականից սկսած՝ փուլային սցենարով ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսում ենք, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, այնուհետև դրանք հայտարարատուի կողմից կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին ՝որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ»,-մանրամասնեց փոխնախարարը: Առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք են, որոնք արդեն իսկ Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաև ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպ կապակցված մարդիկ: Խոսքը այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն, կամ 20 մլն դրամ, կամ ավել ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որևէ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունում: Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն նաև այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում, և անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ և ներառված չեն եղել առաջին փուլում: Իսկ երրորդ՝ վերջին տարում արդեն հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Երրորդ փուլով հայտարարատուների շրջանակը ընդլայնելու այս որոշումը դեռևս կառավարության վերջնական առաջարկը չէ: «Առնվազն անչափահասների հայտարարատու լինելու նպատակահարմարության հարցի քննարկման հարց կա: Գուցե, որոշում լինի, որ այս 3 տարիների ընթացքում անչափահասները չեն լինելու հայտարարագիր ներկայացնողներ»,-նշեց Պողոսյանը: Զուգահեռաբար նախատեսվում է նաև ներդնել մոտիվացիոն բաղադրիչը՝ ի դեմս սոցիալական ծախսերի: Կրթության և առողջապահության գծով կատարվող փաստաթղթերով հիմնավորված ծախսերը հնարավոր է լինելու նվազեցնել եկամտային հարկի գումարից: Անդրադառնալով համակարգի ներդրման նպատակին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ երեք հիմնական նպատակներ են արձանագրել: Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի  ստեղծումն է: «Երկրորդ խնդիրը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաև մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է, որի մասին շատ ենք խոսում, կարևորում, հիմա կարծում ենք, որ պետք է արդեն գործնականում մենք մեր քայլերն ուղղորդենք այդ նպատակին հասնելուն»,-նշեց Պողոսյանը: Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն:
13:52 - 25 նոյեմբերի, 2022
Մետաղական հանքավայրեր շահագործողների համար հարկման նոր կարգավորումներ կգործեն |hetq.am|

Մետաղական հանքավայրեր շահագործողների համար հարկման նոր կարգավորումներ կգործեն |hetq.am|

hetq.am: Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը նախատեսվում է դարձնել ավելի արդյունավետ, մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող: Խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Առաջարկվող համակարգը ենթադրում է ռոյալթիի շահութաբերությունից կախված բաղադրիչի ամրապնդում, առաջարկվում է շահութաբերությունից կախված երկրորդ բաղադրիչի ներմուծում: Այն ըստ էության ավելի երկար ժամկետի համար նախատեսված լուծում է: Եվ դրանով իսկ ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր կարող է ապահովել ոլորտում ներդրումներ կատարած, կատարելու մտադրություն ունեցողների համար: Ի տարբերություն ռոյալթիի շահութաբերությունից կախված գործող բաղադրիչի, այդուհանդերձ երկրորդ բաղադրիչն ունի մի փոքր այլ տրամաբանություն այն իմաստով, որ առաջարկվում է լրացուցիչ հարկերով ծանրաբեռնել շահույթի այն մասը, որը ըստ էության ամբողջությամբ տնօրինվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից»,- ասաց փոխնախարարը: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը մանրամասնեց` հանքարդյունաբերական ընկերությունները վճարում են շահութահարկ, նաև՝ ռոյալթի, որն իրենց շրջանառությունից կախված որոշակի տոկոս է և շահույթից կախված որոշակի գումար: «Ռոյալթիի իմաստն այն է, որ հանքարդյունաբերող ընկերությունը մասնավոր ընկերություն է և աշխատում է շահույթի համար և ինչպես մնացած բոլոր ընկերությունները վճարում է շահութահարկ, սակայն, քանի որ ընդերքը պատկանում է ժողովրդին, իրենք անկախ նրանից՝ շահույթով կաշխատեն, թե վնասով, միևնույն է, պետք է որոշակի գումար մուծեն»,-ասաց նա: Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ պղնձի գների աճին համահունչ, երբ կար կանխավարկած, որ հանքարդյունաբերական ընկերությունները բավական բարձր շահույթներ են ապահովում, այդ շահույթը հասարակության և ընկերության միջև արդարացի բաշխելու համար ներդրվել է պղնձի, մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը: Թունյանի համոզմամբ, սակայն, տուրքի ներդրումը որոշակի խնդիր է պարունակում, հաշվի չի առնվում տարբեր հանքերի մեջ պղնձի կամ այլ մետաղների պարունակությունը: «Հիմա առաջարկվում է հետևյալը՝ մենք այդ արտահանման տուրքը հանում ենք: Փոխարենը ունենում ենք հետևյալ պատկերը՝ ընկերությունները վճարում են շահութահարկ, վճարում են ռոյալթի՝ ինչպես նախկինում, սակայն սահմանվում է որոշակի շեմ, որը պայմանական կարող ենք անվանել գերշահութաբերության շեմ՝ 10 տոկոս, և, եթե ընկերությունն այդ 10 տոկոսից բարձր շահութաբերությամբ է աշխատում, այդ ավելցուկ մասի համար լրացուցիչ 15 տոկոս պետք է վճարի»,- պարզաբանեց Բաբկեն Թունյանը: Թունյանի խոսքով` վնասով աշխատող ընկերությունների համար ոչինչ չի փոխվի, արտահանման տուրքը դուրս կգա, եթե պղնձի գները պահպանվեն բարձր մակարդակի վրա, ընկերությունները աշխատեն շահութաբերության որոշակի մակարդակից վերև, կվճարեն ավելի շատ, քան նախկինում էին վճարում, բայց ավելի քիչ, քան հիմա:
14:38 - 24 մայիսի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու մասին նախագծին |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու մասին նախագծին |1lurer.am|

1lurer.am: Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի խոսքով՝ նշված փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը:  «Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների համար արտահանման պայմաններն են դյուրինացվում»,- ասաց փոխնախարարը: Նախագծով պետական տուրքից ազատվում են ՀՀ տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները, միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:
13:50 - 27 ապրիլի, 2022
Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում |armenpress.am|

Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպել հանրային սննդի օբյեկտներում ծխելու սահմանափակող օրենքի առնչությամբ, տնտեսավարողները, մասնագետները, ըստ էության, դեմ չեն հակածխախոտային քաղաքականությանը, սակայն օրենքում խնդիրներ են տեսնում:  Աշխատանքային քննարկմանը «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ 2 տարի սպասել են օրենքի ուժի մեջ մտնելուն:  Սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրենց՝ տնտեսական առումով վատ կանխատեսումներն ի կատար են ածվել: «Օրենքի բոլոր անկատարությունները և թերությունները հիմա մեզ պարզ երևում են: Օրենքը պարունակում է կետեր և դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են: Տնտեսավարողը դրվել է ի սկզբանե մեղավորի դիրքում: Այսինքն՝ օրենքն իրականացնելու ճանապարհին չկա գործիքակազմ, որ տնտեսավարողը կարողանա այդ օրենքը կատարի»,-ասաց նա: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատեց. «Երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ ոչ թե մտածում են, թե ինչպես համարվել այդ վիճակին, այլ, թե ինչ անեն օրենքը շրջանցելու ճանապարհներ գտնելու համար»: Պիպոյանի խոսքով՝ այն օբյեկտներում, որտեղ օրենքը խախտվում է, մեծ ակտիվություն կա, իսկ այնտեղ, որտեղ օրենքը պահվում է, պասիվություն կա: «Այո, այն մարդը, որը երեխայի հետ գնացել է սրճարան, ստիպված է կողքի սեղանների մարդկանց խնդրել, որ երեխայի մոտ չծխեն, այսօր կուրախանա, որ կա տեղ, որտեղ չեն ծխում: Եվ ոչ ոք չի ասում, որ մենք որպես պետություն հակածխախոտային օրենսդրության կարիք չունենք. այո, ունենք, և այս կարգավորումներն էլ իրենց շահառուներն ունեն: Խնդիրը նրանում է, որ պետք է կարողանանք այս ամենն անել ավելի մտածված ու ավելի ճիշտ»,-ասաց Պիպոյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հավելեց՝ չի կարծում, թե որևէ մի հասարակություն դեմ կարող է լինել հակածխախոտային քաղաքականությանը, սակայն ուժի մեջ մտած ռեֆորմի մեջ ինքը խնդիրներ է տեսնում: «Նաև միջազգային փորձն է գալիս հուշելու, որ մասնագիտացված ակումբներ բոլոր քաղաքներում էլ կան՝ թե նարգիլեի, թե սիգարի մասով, որը տեղավորվում է հակածխախոտային քաղաքականության տրամաբանության մեջ՝ պասիվ ծխելը բացառելու իմաստով: Բայց մյուս կողմից դա ազատ արտահայտվելու իրավունք է՝ նույնիսկ ինչ-որ իմաստով ի հաշիվ առողջության»,-ասաց Վարդևանյանը: Ըստ պատգամավորի՝ ներկայում,  այդ թվում՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում, պետք է մտածել, թե ինչ անել հանրային սննդի օբյեկտների ոլորտն ավելի խթանելու, աջակցելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կարևորեց ներդրողների համար կանխատեսելիության ապահովումը: «Քանի որ օրենքն ընդունված է, դրույթները մտել են ուժի մեջ, առնվազն այս փուլում օրենքը պետք է թողնել անփոփոխ: Շատ տնտեսավարողներ արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը օրենքի շրջանակներին»,-ասաց նա: Անդրադառնալով բացասական կարծիքներին՝ փոխնախարարն ասաց, որ իրենք էլ ունեն շատ դրական կարծիքներ ռեստորանների, ակումբների հաճախորդների, նաև տնտեսավարողների կողմից: ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ փակ տարածքներում չծխելու մասով կա կոնսենսուս: «Այսինքն՝ որևէ մեկը չի պնդում, որ փակ տարածքներում մարդիկ սկսեն ծխել»,-ասաց նա՝ հավելելով որ, սակայն, կարելի է քննարկել, թե որը համարել հանրային սննդի օբյեկտ, որը՝ ոչ: Պատգամավորը հայտնեց, որ հիմա քննարկում են լիցենզավորվող գործունեություն սահմանելու տարբերակը, որի առաջարկը եղել է նարգիլե ակումբների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում: Նա վստահեցրեց, որ այդ մասին քննարկումներ կան: «Կա նաև մեկ այլ բլոկ՝ առողջապահական թևը, որը ավելի կարևոր է: Եվ երբեմն, երբ մենք շատ ենք սկսում միայն տնտեսական հարցերի վրա ուշադրություն դարձնել, ստացվում է, որ առողջապահությունն ենք մոռացել և հակառակը»,-ասաց Թունյանը՝ վստահեցնելով, որ լուծման տարբերակի դեպքում կլսեն տնտեսավարողների կարծիքը:
13:12 - 08 ապրիլի, 2022
Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին

 |armenpress.am|

Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանից Հայաստան տարեկան իրականացվում են մոտ 850 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ. ՌԴ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված նախատեսվում է, որ այդ հոսքերը  կնվազեն մոտ 40 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանի՝ ՀՀ տնտեսությունում հնարավոր շոկերի վերաբերյալ հարցին: Նախարարը նախ նշեց, որ շոկերը քիչ չեն՝ առանձնացնելով մի քանիսը: «Մեկը մեր համաքաղաքացիների դրամական փոխանցումներն են, որ ստացվում են ՌԴ-ից: Մեր ընտանեկան, բարեկամական կապերի ուժով վերջին տարիների ընթացքում այդ դրամական փոխանցումներն ունեցել են շատ զգալի ծավալներ: 2020-2021 թթ ընթացքում այդ փոխանցումները տարեկան մոտ 850 մլն դոլարի չափ են եղել: Կնվազեն, ենթադրում ենք, եթե այնտեղ տնտեսական պայմանները դժվարանում են, բնական է, դա կազդի նաև այդ փոխանցումների մեծության վրա»,-ասաց նախարարը: Իսկ թե Ռուսաստանից փոխանցումներն ինչ չափով կնվազեն,  նախարարն առաջարկում է հետ նայել 2014, 2015, 2016 թթ, երբ ոչ այս չափով, բայց մեծ դժվարություններ կային ՌԴ տնտեսության առջև: «Մենք կարծում ենք, որ մինչև 40 տոկոսով կարող են այդպիսի փոփոխություններ տեղի ունենալ»,-նշեց Խաչատրյանը: Խոսելով Հայաստանից Ռուսաստան արտահանումների  մասին՝ նախարարը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում հայ արտահանողներն ընդհանուր առմամբ կվերագտնեն հնարավորությունները, համանման իրավիճակ եղել է նաև 2015-ին, 2016-ին: «Իհարկե, որոշներն ունեցել են կարճաժամկետ դժվարություններ, որոշների համար նույնիսկ այդ դժվարությունները եղել են ճակատագրական: Բայց, ընդհանուր առմամբ, մեր արտահանող հատվածը որոշակի ժամանակահատվածում վերադասավորվել, վերահարմարվել և շարունակել է իրագործել իր զարգացման ծրագրերը: Մեզ մոտ կլինե՞ն այդպիսի կարճաժամկետ շոկեր այս ժամանակահատվածում. անպայման: Մենք 2021-ի արդյունքներով ունեցել ենք մոտ 860-870 մլն դոլարի արտահանում ՌԴ, քիչ չեն փոքր ու միջին արտադրողները՝ փոքր ջերմոցներ, գյուղատնտեսական ապրանք աճեցնող, արտահանող, վերամշակող կազմակերպություններ, որոշակի արդյունաբերական արտադրանք արտահանողներ, որոնք հատկապես, երբ արժույթի արժեզրկման հետ կապված շոկեր եղան և իրենց դեբիտորական պարտքերը գնանշված էին ռուբլիով, կրել են այդ ազդեցությունը, դա անխուսափելի է»,-ասաց նախարարը: Խաչատրյանը ձեռնպահ մնաց գնահատական տալուց, թե դա ինչ չափով կազդի 2022-ի տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով ԿԲ-ի՝ տնտեսական աճի կանխատեսում մինչև 1.6 տոկոսի հասցնելու վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ ԿԲ-ն պարտավոր է դա անել, քանի որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ իր դրամավարկային քաղաքականությունը համապատասխանեցնում է կարճաժամկետում իր կողմից սպասվող փոփոխություններին, այդ թվում՝ գնաճային ռիսկերը կառավարելու համար: «Չի բացառվում, որ 3 ամիս հետո, երբ այս անորոշությունները մեղմված լինեն, այդ 1.6 տոկոսը նորից դարձնեն 5.3: Իրենք պարտավոր են դա անել 3 ամիսը մեկ»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը կարճաժամկետում նման վերանայում անելու խնդիր չունի:
14:50 - 28 մարտի, 2022
Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ դրանք թեեւ ամուր են, այնուամենայնիվ զարգացնելու ներուժ կա: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին: Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարությունն Ազգային ժողովի հետ միասին մեծածավալ աշխատանք է կատարել եւ այժմ էլ շարունակում է աշխատանքներ կատարել ներդրումային դաշտի բարելավման, հարկային համակարգի կատարելագործման եւ գործարար միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ:  Առաջիկա տարիներին տնտեսության մի շարք ոլորտներում շոշափելի արդյունքներ արձանագրելու տեսանկյունից նա կարեւորել է Եվրամիությունից ստացվելիք 2,5 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:10 - 30 նոյեմբերի, 2021
Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձև և աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,-ասաց Սիմոնյանը: Բացի այդ, դրվել է մեկ սահմանափակում ևս, 7 տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակի լիցենզիա ստանալ: Իսկ եթե առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: «Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու, կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, «Եթե սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում»: Արմեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ հենց խնդիրը դրանում է, որ օդանավակայանի տարածքի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա՝ Ա տեսակի լիցենզիա: «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը օրինագիծը շատ կարևորեց՝ նշելով,  որ ոլորտը կանոնակարգվում է: «Բայց անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ գույնին, հուսով եմ, դա ևս կվերացվի, քանի որ ստիպել մարդկանց, որ մեքենաների գույները փոխեն, իրատեսական չէ»,-ասաց նա: Պատգամավորը խոսեց նաև խախտման դեպքում տուգանքի չափի մասին, ինչին ի պատասխան փոխնմախարարն ընդգծեց, որ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չի լինի դուրս գալ: Ըստփոխնախարարի՝ 50 հազար դրամը բավականին բալանսավորված սահմանաչափ է: Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:
12:19 - 10 նոյեմբերի, 2021
Բնակարանաշինությունն ուղղորդել մարզեր. ԱԺ տնտեսական հանձնաժողովին ներկայացվեց օրենսդրական փաթեթը |armenpress.am|

Բնակարանաշինությունն ուղղորդել մարզեր. ԱԺ տնտեսական հանձնաժողովին ներկայացվեց օրենսդրական փաթեթը |armenpress.am|

armenpress.am: Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով առաջարկվում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը: «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելով նախագծի մանրամասները, նշեց, որ արտոնությունների սահմանափակումը կատարվելու է փուլ առ փուլ: Առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ: Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները: «Ուզում եմ ընդգծեմ, որ նշվածը վերաբերում է բացառապես Երևան քաղաքի վարչական տարածքում գույքի ձեռքբերմանը կամ կառուցմանը: Նախագծի հիմնական նպատակը քաղաքաշինական ու կառուցապատման առումով տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է, բնակարանաշինությունը դեպի մարզեր ուղղորդելն է»,-ասաց Արման Պողոսյանը: Զուգահեռաբար, որպեսզի սկսված քաղաքաշինական ծրագրերի համար չլինի անկանխատեսելի հարկային միջավայր, նախագծով առաջարկվում է կարգավորել անցումային հարաբերությունները:  Եթե շինարարության թույլտվությունը ստացվել է մինչև 2022  թվականի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ վերը նշված սահմանափակումներն առհասարակ կիրառելի չեն լինի: Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։ Արման Պողոսյանը նշեց, որ ծրագիրը մեծ պահանջարկ ունի, շահառուների թիվը տարեցտարի ավելանում է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառու է եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019թթ. շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000 մարդ, իսկ 2020թ. նոր շահառուները եղել են 5200:
16:06 - 29 սեպտեմբերի, 2021
Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ուներ երկու հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության և հանձնաժողովի աշխատակարգի հաստատման: Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները, աշխատանքային գործունեությունը: Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, հարցերը կքննարկվեն բազմակողմանի, և բոլորի համար կապահովեն հավասար ձայնի իրավունք ու ներկայացուցչություն: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ թեկնածուն նշեց, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար: Քվեարկության արդյունքում Բաբկեն Թունյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հանձնաժողովը հաստատեց նաև գործունեության աշխատակարգը:
14:51 - 27 օգոստոսի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց շահութահարկի արտոնության գործողության ժամկետը երկարաձգող նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց շահութահարկի արտոնության գործողության ժամկետը երկարաձգող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության նախագծին, որով առաջարկվում է հարկատուների մի խմբի համար շահութահարկի գործող արտոնության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը երկարաձգել 8 տարով: Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Հարկային օրենսգրքով կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող կազմակերպությունների խմբի համար արտոնություն է սահմանված: Շահութահարկի արտոնություն է սահմանված հարկ վճարողների այն խմբի համար, որի արտահանման և արտերկրում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար կատարած աշխատանքի հանրագումարը 40 մլրդ դրամ  և ավելի է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է՝ 18 տոկոսի փոխարեն: Իսկ եթե հատում է 50 մլրդ դրամի շեմը, ապա՝ ընդհուպ 2 տոկոս դրույքաչափ է գործում: «Այդ արտոնյալ ժամանակահատվածը, այս գործող օրենսդրության, ավարտվում է 2021-ի դեկտեմբերի 31-ին: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել 8 տարով՝ մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հաշվի առնելով այն, որ ԵՄ մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ մեզ հնարավորություն է ընձեռվել ևս 8 տարի այդ արտոնյալ կարգավորումները կիրառել»,-ասաց Պողոսյանը:
17:39 - 21 մայիսի, 2021
Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ էության, ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենզավորման ենթակա է դառնում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: Սակայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություն կարվի, և ցեմենտի տոննայի համար կսահմանվի 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ: ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկեց փոփոխված տարբերակը դնել քննարկման և քվեարկության: Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց՝ մտահոգություններ են հնչում, թե վերջին օրերին ցեմենտի դեֆիցիտ է առաջացել, հետաքրքրվեց պատճառներով:  Քերոբյանը պատասխանեց. «Խնդիրն առաջացել է Արարատի ցեմենտի գործարանում: Աղացներից մեկը փչացել էր, ինչի պատճառով գործարանը 2 օր չի աշխատել: Բայց հիմա խնդիրն ամբողջությամբ կարգավորված է»: 
13:10 - 21 մայիսի, 2021
Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը

 |armenpress.am|

Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հակված է վերանայել բնակարանների ձեռքբերման համար հիփոթեքային վարկի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձի համակարգը՝ կամ դադարեցնելով դրա գործունեությունը կամ պարզապես ձևափոխելով այն: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մեկ այլ նախագծի քննարկմանը: «Ժամանակին, երբ համակարգը ներդրվել է, ներկայացվել են հիմնավորումները, սակայն  անցել է որոշակի ժամանակահատված, և  հետահայաց վերլուծությունը մեզ թույլ է տալիս պնդել, որ համակարգի վերաբաշխողական էֆեկտը չի գոհացնում՝ այն իմաստով, որ այն առաջնային նպատակը, որը հետապնդվում էր այս օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ էության ամբողջությամբ չի իրագործվում: Իսկ դա բնակարանային ապահովման խնդիր ունեցող անձանց պետական աջակցությունն էր»,-ասաց Պողոսյանը: Կառավարությունը կարևորում է, որ այս համակարգն ընկալվի ոչ թե որպես հարկային արտոնություն, այլ որպես բյուջետային աջակցության գործիք: «Մենք ունենք համոզմունք, որ այս ծախսը բնույթով սոցիալական  չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում ունենք շատ ավելի այլ առաջնահերթություններ»,-ասաց փոխնախարարը: Համակարգի շահառուների թիվը և ըստ այդմ՝ հետ վերադարձվող եկամտային հարկի գումարներն աճում են սրընթաց: Եթե համակարգի ներդրման առաջին տարում ընդամենը 253 մլն դրամ է վերադարձվել, ապա 2019-ին այդ գումարը հասել է 7.9 մլրդ դրամի: Իսկ 2020 թվականը ամփոփվել է 13.3 մլրդ դրամով: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է, սա հարում են ռիսկ: «Այս ամենը հաշի առնելով՝ կառավարությունը չի թաքցել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ և համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կամ դրա գործունեությունը դադարեցվի, (իհարկե բոլոր նրանք, որոնք հասցրել են մաս կազմել այս համակարգի, կշարունակեն մինչև իրենց վարկային պայմանագրերի ավարտը) կամ ձևափոխվի՝ որոշակի սահմանափակումներով: Այդ պահը կարծես չի գտնվել՝ հայտնի իրողություններով պայմանավորված: Երբ երկրում տնտեսական ակտիվության անկում նկատվեց, գուցե այո, դա ամենահարմար պահը չէր այս համակարգի կիրառությունը վերացնելու կամ ձևափոխելու առումով, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-ասաց Պողոսյանը:
18:44 - 07 ապրիլի, 2021