ՀԱՊԿ արտգործնախարարները մտահոգված են միջազգային անվտանգության շարունակական վատթարացմամբ |armenpress.am|
15:50 - 10 հունիսի, 2022

ՀԱՊԿ արտգործնախարարները մտահոգված են միջազգային անվտանգության շարունակական վատթարացմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները Երևանում անցել են շատ կառուցողական և լավ մթնոլորտում: Այդ մասին նիստից հետո հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ միասին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելով նիստի ամփոփիչ արդյունքները:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները մեծ ուշադրություն են հատկացրել հատկապես միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակի քննարկմանը:

Անդրադառնալով այս հարցին՝ Ստանիսլավ Զասը շեշտեց, որ իրավիճակն իսկապես բարդ է կոլեկտիվ անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում: Իսկ արևելաեվրոպական տարածաշրջանում, ըստ գլխավոր քարտուղարի, իրադրությունը գնալով վատթարանում է:

«Քննարկման արդյունքներով համաձայնեցվել և ընդունվել է փաստաթուղթ՝ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, որում արտգործնախարարները խոր մտահոգություն են հայտնում միջազգային անվտանգության շարունակական վատթարացման կապակցությամբ: Փաստաթղթում արտահայտվել է անդամ պետությունների դիրքորոշումը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման և մեկ պետությունների անվտանգությունը մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին», - հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ընդունված հայտարարությամբ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները նաև իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարման ամրապնդմանը:

Ստանիսլավ Զասի խոսքով՝ վերոշարադրյալ կետերն արտահայտում են այն եզրահանգումների հիմնական էությունը, որոնք դրված են ԱԳ նախարարների համատեղ հայտարարության հիմքում:

Բացի այդ, նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այդ մասին մինչ Ստանիսլավ Զասի ելույթը հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Հարցի առնչությամբ Ստանիսլավ Զասը նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին փորձն այդ առումով Ղազախստանում հունվարին իրականացված խաղաղապահ առաքելությունն էր:

«Ըստ էության՝ դա մեր առաջին փորձն էր Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողության ընթացքում, երբ գործարկվեց ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգը: Դա լավ հող նախապատրաստեց այս ոլորտում մեր գործունեության կատարելագործման համար: Արտգործնախարարները տեղեկացրել են ինձ այն աշխատանքների մասին, որոնք արդեն իրագործվել են ՀԱՊԿ-ի մեր աշխատանքային մարմիններում, և մենք մտադիր ենք մոտակա ամիսներին մշակել փաստաթղթի նախագիծ այդ հարցի վերաբերյալ», - հաղորդեց Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին և անձամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ինչպես ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկներ ներկայացնելու, այնպես էլ առհասարակ հյուրընկալության և միջոցառման հրաշալի կազմակերպման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել