ՄԱԿ-ը Տաշքենդին զսպվածության կոչ է անում
 |azatutyun.am|
14:46 - 06 հուլիսի, 2022

ՄԱԿ-ը Տաշքենդին զսպվածության կոչ է անում |azatutyun.am|

azatutyun.am: Ուզբեկստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների մասին հաղորդագրությունները վկայում են լուրջ բռնությունների մասին, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը՝ կոչ անելով պաշտոնական Տաշքենդին զսպվածություն դրսևորել, ապահովել կալանավորների համար փաստաբանի հասանելիությունը և հարգել նրանց հիմնավոր և արդար դատավարության իրավունքը:

Կարակալպակստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաքում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը, որոնցից ավելի քան 90-ի վիճակը գնահատվում է ծանր։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գրասենյակի համոզմամբ, իրական զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել։

Կարակալպակստանի մայրաքաղաքում ցուցարարների և ուժայինների միջև արյունալի բախումներ էին սկսվել անցած շաբաթ, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի։

Կենտրոնական իշխանությունը մտադիր էր կիսաինքնավար Կարակալպակստանին զրկել ինքնիշխանության կարգավիճակից և Ուզբեկստանից անջատվելու իրավունքից։

Տաշքենդի պլանների դեմ օրեր տևած տարերային բազամահազարանոց ցույցերից հետո Ուզբեկստանի իշխանություններն ի վերջո ետքայլ արեցին։ Բողոքի աննախադեպ ալիքի ֆոնին՝ երկրի խորհրդարանը քվեարկեց Սահմանադրությունում մարզի ինքնիշխան կարգավիճակը պահպանելու օգտին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել