news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացրեց, որի արդյունքում 2019-ի հունվարից կենսաթոշակի նվազագույն չափը 25 500 դրամ սահմանելը չի անդրադառնա ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա:
Բանն այն է, որ նպաստ ստանալու համար հիմք է ընդունվում նաեւ տվյալ ընտանիքի եկամուտը, եւ երբ նվազագույն կենսաթոշակը բարձրանում է, փոփոխվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման միավորը, որն էլ իր հերթին կարող է առաջացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա նշանակվող նպաստների իրավունքի փոփոխություն, այսինքն ընտանիքը կարող է զրկվել նպաստից:
Քանի որ վերջերս ԱԺ-ն ընդունեց օրենք, ըստ որի կենսաթոշակի նվազագույն չափը սահմանվել է 25500 դրամ։ Արդյունքում` առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն ընտանիքներ։
Հետեւաբար, այս նախագծով առաջարկվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի չափը նույնպես 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի առնել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:
Նախագիծն ընդունվելու դեպքում` 2019 թվականի հունվար ամսից կենսաթոշակի նվազագույն չափ սահմանելը չի անդրադառնա ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա:
comment.count (0)