Խաղաղության այլընտրանքն աղետն է. ՀՀ ԱԳ նախարար |news.am|
09:31 - 24 ապրիլի, 2019

Խաղաղության այլընտրանքն աղետն է. ՀՀ ԱԳ նախարար |news.am|

news.am: Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստող մթնոլորտի ստեղծումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը, իսկ խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, ապա այս ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվում: «Սա գործնական կիրառության հարց է: Եթե ամեն ինչ միանգամից տեղի չի ունենում, չի նշանակում, որ մոռացել են»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ կողմերի միջեւ փոխըմբռնման մասին կարելի է խոսել այնքանով, որքանով Հայաստանը հստակ հասկացնում է իր մոտեցումները: Նշելով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը ընդհանրապես միջազգային հանրության եւ մասնավորապես ՄԱԿ-ի աջակցության կարեւորությունը՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Երեւանն աշխատում է հանուն խաղաղության: «Պետք չէ կասկածել մեր վճռականությանը:

Մենք ասում ենք, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքն աղետն է: Ինչ վերաբերում է խաղաղությանը ժողովուրդների նախապատրաստմանը, ապա այս հարցում հստակ ձեւակերպումներ չկան: Սա սկզբունք է, որը պետք է զարգացնել»,- հայտարարեց Մնացականյանը: Ընդ որում՝ նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները հրապարակային են գործում: Տրամաբանական է, որ կա որոշակի գաղտնիություն: Սակայն ցանկացած առաջքայլ հանրությանը հայտնի կդառնա, հավաստիացրեց ԱԳ նախարարը:

Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Փաշինյանի եւ Ալիեւի երեք հանդիպումները հեռացում չէին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, նախարարը հավաստիացրեց, որ դա այդպես չէ, իսկ հանդիպումները ինքնաբուխ են տեղի ունեցել՝ կողմերին հնարավորություն տալով ավելի լավ ճանաչել միմյանց:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումների ընթացքում հարցերի լայն շրջանակ է քննարկվել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը:

«Մյուս կողմն իր մոտեցումներն ունի: 20 տարի մեկ ձեւաչափ է եղել: Հայաստանի վարչապետը ներկայացնում է Հայաստանը: ԼՂ իշխանություններն ընտրվել են ԼՂ բնակչության կողմից: Մենք չենք կարող առանց ԼՂ-ի ստանձնել բոլոր պարտավորությունները: Սա բանակցությունների արդյունավետության հարց է», -հիշեցրեց նախարարը՝ միաժամանակ չհամաձայնելով այն մտքին, որ բանակցությունները փակուղում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել