Կրթությունը փայլուն ապագայի երաշխիքն է. ՀՀ ՄԻՊ-ը Գիտելիքի օրվա առիթով այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ
14:25 - 01 սեպտեմբերի, 2022

Կրթությունը փայլուն ապագայի երաշխիքն է. ՀՀ ՄԻՊ-ը Գիտելիքի օրվա առիթով այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա առիթով այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղ։ Պաշտպանը զրուցել է դպրոցի անձնակազմի հետ դպրոցում առկա խնդիրների մասին, ծանոթացել շենքային պայմաններին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

Քրիստիննե Գրիգորյանն իր ուղերձով շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին։

«Սիրելի երեխաներ ու պատանիներ,

Գիտելիքը լավ ապագա կերտելու հուսալի միջոց է, իսկ պիտանի կրթությունը՝ փայլուն ապագայի վստահելի երաշխիք։ Ձեր իրավունքներն իմանալու և լավագույնս իրացնելու ճանապարհն անցնում է կրթության միջոցով։ Կրթությունն անհատի ազատությունն է, նրա ստեղծարար մտքի ուժն ու զարգացման երաշխավորը։ Կրթված ու աշխարհը լավ ճանաչող քաղաքացին ուժեղ ու զարգացած պետության նախապայմանն է։ 

Սիրելի առաջին դասարանցիներ,

այսօրվանից ձեր անհատական զարգացման կարևոր փուլ եք մտնում՝ ավելի լավ պիտի ճանաչեք գիտելիքը, ավելի լավ պետք է զգաք դրա անփոխարինելի ուժը։ Ձեզ բարի երթ: Մաղթում եմ, որ դպրոցից ստանաք ձեր կրթության կարևոր բաժինն ու թերևս ամենակարևորը՝ յուրացնեք կրթության ու զարգացման անգերազանցելի ձգտումը։

Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին ու կրթության կազմակերպիչներին. շարունակեք սերմանել գիտելիքի ծարավ ու զարգացման ձգտում։ Ձեզ պատիվ ու խոնարհում։

 Սիրելի ներկաներ,

Շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա առթիվ»,- իր ուղերձում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել