Կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու միակ ճանապարհը հակակոռուպցիոն կրթությունն է. փոխնախարար
08:08 - 19 ապրիլի, 2019

Կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու միակ ճանապարհը հակակոռուպցիոն կրթությունն է. փոխնախարար

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին ամփոփիչ ելույթով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային համաժողովն արդյունավետ կազմակերպելու, իսկ մասնակիցներին՝ հնչեցված կարծիքների, գնահատականների, դատողությունների և մտավախությունների համար:

Տիգրան Խաչիկյանի համոզմամբ, դրանք բավական կարևոր են: «Կարևոր են երկու իմաստով: Առաջինը՝ հնարավորություն են տալիս մեկտեղ, ամրագրել ու նյութականացնել բոլոր այն դրական, առերևույթ հիմնավորված և համապատասխան հեռանկար ունեցող առաջարկները մեկ հարթակում, և երկրորդը՝ դիրքորոշումների, արված հայտարարությունների և նկատառումների հաշվառմամբ, թույլ կտա մշակել հնարավորինս արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ներկայում գտնվում ենք մեր երկրի համար պատասխանատու ժամանակահատվածում, որի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է հետևողական՝ բոլոր գործիքների կիրառմամբ:

Նա տեղեկացրել է. որ այս ընթացքում Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հայեցակարգի վերաբերյալ ստացել է մի քանի հարյուր դիտարկում և առաջարկություն՝ վստահեցնելով, որ ստացված առաջարկություններից յուրաքանչյուրը արժանացել և արժանանալու է գնահատման դրա բովանդակային հիմնավորվածության, նպատակահարմարության, գործող օրենսդրության և ՀՀ Սահմանադրության համապատասխանելիության համատեքստում:

Համաժողովի ավարտին փոխնախարար Խաչիկյանը հավելել է, որ հակակոռուպցիոն կրթությունն է միակ ճանապարհը, որը հասարակության շրջանում կարող է ձևավորել կոռուպցիայի նկատմամբ կայուն անհանդուրժողականության մթնոլորտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել