Մշակույթի նախարարությունը նոր ծրագրերով կնպաստի գրահրատարակչական ոլորտի զարգացմանը |armenpress.am|
10:48 - 23 ապրիլի, 2019

Մշակույթի նախարարությունը նոր ծրագրերով կնպաստի գրահրատարակչական ոլորտի զարգացմանը |armenpress.am|

ՀՀ մշակույթի նախարարությունը մեր երկրում և օտարերկրյա պետություններում հայ դասական և ժամանակակից, ինչպես նաև հայկական մշակույթը ներկայացնող գրականության հրատարակումը խթանելու նպատակով վերափոխել, վերաիմաստավորել և հավելել է նախարարության մի շարք ծրագրեր:

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն ու նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը ծրագրերը մանրամասն ներկայացրեցին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Գրահրատարակչական ոլորտում ՀՀ մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ երկու հիմնական ծրագիր է իրականացրել: Դրանք հանրությանը հայտնի են «Պետական պատվերով» և «Աջակցությամբ» անվանումներով: Այդ ծրագրերը վերափոխումների են ենթարկվել. մասնավորապես գրահրատարակչության հիմնական ծրագիրը` գրականության պետական պատվերը, այժմ գործում է որպես «Գրքերի գնման» ծրագիր: Նախարարությունը  գնում է  մի շարք գրքեր և անմիջապես  դրանք բաշխում գրադարաններին»,-ասաց Վահե Բուդումյանը:

Նրա խոսքով` այս պահին ընթացքում է նախորդ տարեվերջին հաստատված 17 գրքի ձեռքբերման գործընթացը` համապատասխան սահմանված տպաքանակով: 2020-ին  ձեռք բերվող գրականության ցանկի ձևավորման համար հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է:

Արմեն Սարգսյանը լրացրեց Բուդումյանի խոսքը` շեշտելով, որ նախարարության ենթակայության տակ գործում է 12 գրադարան, որոնք, ամփոփելով համայնքային գրադարանների պահանջարկը, նախարարություն են ներկայացնում մերժված և  պահանջված գրականության ցանկերը: «Մերժված են այն գրքերը, որոնք չկան գրադարաններում, իսկ պահանջված են այն գրքերը, որոնցից կա մեկ կամ երկու օրինակ, և այդ գրքերը ձեռք բերելու համար ընթերցողները ստիպված են երկար սպասել: Կա նաև երրորդ ցանկը, որը ձևավորում է նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը: Այդ ցանկում ընդգրկված գրքերը ճիշտ ներկայացնելով` նախարարությունը ստեղծում է առաջարկ, որի հիման վրա ձևավորվում է պահանջարկ»,-ընդգծեց Սարգսյանը:

Նա ասաց, որ նախկինում նախարարությունը պետական պատվերով հրատարակում էր գրքեր, այսինքն՝ ամբողջությամբ ֆինանսավորում էր գրքերի հրատարակումը, ձեռք էր բերում ամբողջ տպաքանակը, իսկ հիմա հրատարակչություններն իրենց ֆինանսական միջոցներով լույս են ընծայում գրքեր, նախարարությունը ձեռք է բերում համապատասխան օրինակները: Այդպես նախարարությունն ավելի շատ միջոցներ է խնայում և կարողանում է ավելի շատ գրքեր գնել, հրատարակչությունները ստիպված են լինում հրատարակել որակյալ գրքեր, հակառակ դեպքում նախարարությունը պարզապես չի գնի դրանք:

 

Ավելին՝ armenpress.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել