news.am: Հարգելի խորհրդարան, այս իշխանության անդամներ, մենք այստեղ ենք եւ դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ երկար դադարից հետո ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան:
Նա նաեւ նշեց. «Սա Հայաստանի ԱԺ-ն է, նաեւ մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը: Ձեր սեփականությունը չէ:
Հարգելի ժողովուրդ, երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետեւ փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Հիմա փողոցում դադար է ժամանակավոր, եւ մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը: Մենք այստեղ ենք մեր օրակարգով՝ Հայաստանի եւ Արցախի մեր քաղաքացիներին հուզող կարեւորագույն հարցերի օրակարգով: Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության եւ հայկականության համար: Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն, ապագա չունի մեր ժողովուրդը: Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա»:
comment.count (0)