Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։
Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին հանդիպման համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին։ Մասնավորապես քննարկվել է «Բնակչության պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագիրը»։
Գերատեսչության ղեկավարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ նորարարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության «Հորիզոն 2020» ծրագիրը։
Դեսպան Վիկտորինը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է զարգացնելու համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։
comment.count (0)