Մարոկկոն գերազանցեց Բելգիային |armenpress.am|
19:15 - 27 նոյեմբերի, 2022

Մարոկկոն գերազանցեց Բելգիային |armenpress.am|

armenpress.am:  Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան մրցեց Մարոկկոյի հետ (F խումբ):

Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Բելգիան տիրում էր նախաձեռնությանը և իրար հաջորդող պահեր ստեղծում: Սակայն չէր իրացնում դրանք: Վիճակագրությամբ էլ գնդակին առավել շատ տիրում, դիպուկ փոխանցումներ էին կատարում բելգիացի ֆուտբոլիստները:

Մարոկկոյի հավաքականն օգտագործեց իր բացառիկ հնարավորություններից մեկը և առաջին կեսի ավելացված րոպեին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը VAR համակարգով վերանայելով խաղային իրավիճակը` այն չեղարկեց: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական՝ ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում Մարոկկոն ավելի «լավ տեսք» ուներ` գրոհում էր, կառուցողական խաղ ցուցադրում: Եվ նմանատիպ մի իրավիճակում` ստանդարտ դիրքից, Մարոկկոն կրկին գրավեց Բելգիայի դարպասը: Աչքի ընկավ Աբդելհամիդ Սաբիրին: Հանդիպման ավելացված րոպեին Մարոկկոն խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Զաքարիա Աբուխլալը: Այսպիսով, Բելգիա-Մարոկկո խաղն ավարտվեց 0:2 հաշվով:

Այժմ Մարոկկոն 4 միավորով խմբի առաջատարն է: 3 միավոր ունի Բելգիան: Մեկ միավոր է վաստակել Խորվաթիան, Կանադան միավոր չունի: Նոյեմբերի 27-ին ժամը 20։00-ին կկայանա Խորվաթիա-Կանադա հանդիպումը:

F խմբում վերջին տուրում Բելգիան կխաղա Խորվաթիայի, իսկ Մարոկկոն՝ Կանադայի հետ: Այդ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 1-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել