Մեսսին՝ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր․ ով և ինչ նվաճեց «France Football»-ի մրցանակաբաշխության ժամանակ
10:58 - 31 հոկտեմբերի, 2023

Մեսսին՝ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր․ ով և ինչ նվաճեց «France Football»-ի մրցանակաբաշխության ժամանակ

Երեկ Փարիզում տեղի է ունեցել «France Football» պարբերականի մրցանակաբաշխությունը։

Գլխավոր մրցանակին՝ «Ոսկե գնդակ»-ին է արժանացել Լիոնել Մեսսին։ Սա արգենտինացու 8-րդ «Ոսկե գնդակն» է։ Մեսսին նախորդ մրցաշրջանում նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը Արգենտինայի հավաքականի հետ, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

Մրցանակի համար պայքարողներից մեջ երկրորդ տեղում է հայտնվել Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), նրան հաջորդում է Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), քառյակը փակում է Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)։

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, անգլիացի Ջուդ Բելինգեմը։

Անցած մրցաշրջանը անգլիացին անցկացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ում՝ մասնակցելով 42 հանդիպման ու դառնալով14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում Ջուդ Բելինգեմը հայտնվել էր 18-րդ տեղում:

Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ու անգլիական «Աստոն Վիլայի»  դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ երկրպագուները Մարտինեսի ժամանման պահին սուլել են, ըստ երևույթին, 2022թ․ Աշխարհի առաջնության հաղթանակից հետո Կիլիան Մբապեին ծաղրելու համար։

France Football-ի վարկածով «Մանչեսթեր Սիթին» դարձել է տարվա լավագույն թիմ։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգան և Անգլիայի գավաթը։ Բացի դրանից՝ ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող՝ «Ինտեր»-ի դեմ խաղը 1:0 ավարտելով:

«Բարսելոնա»-ի կանանց թիմն էլ պարբերականի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն կանանց ակումբ։ Կատալոնական թիմն անցնող տարում նվաճել է երեք գավաթ՝ դառնալով Սուպերգավաթի, Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող:

Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի խաղացող Վինիսիուս Ջունիորը ստացել է Սոկրատեսի անվան մարդասիրական մրցանակ Vini Jr ինստիտուտում ամենամյա ներդրման շնորհիվ, որը կրթական հնարավորություն է աղքատ ուսանողների համար։

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն էլ Գերդ Մյուլլերի անվան մրցանակին է արժանացել։ Այս մրցանակը տրվում է տվյալ մրցաշրջանում ամենաշատ գոլեր գրանցած տղամարդ խաղացողին։ Հոլանդը «Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի կազմում 2022/23 մրցաշրջանում 56 գոլի հեղինակ է դարձել: 23-ամյա խաղացողը նվազագույն հաշվով է հաղթել Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացին 55 գոլ է հեղինակել «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի կազմում:

2022-ի լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել և կանանց «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճել Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Աիտանա Բոնմատին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել