«Գործ տալու» տաբուն․ ազգային ավանդո՞ւյթ, թե՞ հանրային չարիք
18:53 - 19 դեկտեմբերի, 2022

«Գործ տալու» տաբուն․ ազգային ավանդո՞ւյթ, թե՞ հանրային չարիք

Օրեր առաջ մի քննարկման ժամանակ երիտասարդ մայրերից մեկը բավական մտահոգված պատմում էր մի միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել իր դպրոցական տղայի հետ։ Պարզվում է` ինչ-որ քաշքշուկի հետևանքով երեխաներից մեկը վնասվել է և հայտնվել հիվանդանոցում։ Հիվանդանոցից դեպքի մասին տեղյակ են պահել նաև ոստիկանությանը։ Դեպքը հարթվել է, երեխաներին հաշտեցրել են իրար հետ, և թվում էր, թե միջադեպը մոռացության կմատնվեր, եթե դպրոցում՝ ծնողների միջավայրում, չտարածվեր մի խոսակցություն, թե իբր տուժող երեխայի ծնողները «գործ տվողներ» են։ Այս պիտակավորումը խիստ մտահոգել է այդ ծնողներին, որոնք լրջորեն պայքարել են իրենց վրայից այդ անունը հանելու համար։ Կրկնում եմ՝ խոսակցությունը ոչ թե մեկ կամ երկու ծնողի միջև է շրջանառվել, այլ ողջ դասարանի ու նույնիսկ դպրոցի մաշտաբով, ինչը նշանակում է, որ «գործ տվողի» պիտակը բավականին մտահոգիչ է հասուն տարիքում գտնվող ու երեխաներ դաստիարակող մի ողջ սերնդի միջավայրում։

Այս միջադեպի մասին պատմությունը լսողներից մեկը մի այլ պատմություն պատմեց, ըստ որի՝ իր տղայից ինչ-որ դեռահասներ փողոցում խաբելով վերցրել են գլխարկը և չեն վերադարձրել։ Տղայի՝ գլխարկը վերադարձնելու փորձերին գլխարկը խլողները, որոնք, ի դեպ, ինչ-որ «գողականի» որդիներ են եղել, սպառնացել են դանակով, ինչից հետո տղան հրաժարվել է գլխարկից, իսկ ծնողների՝ ոստիկանություն դիմելու առաջարկին կտրուկ դեմ է արտահայտվել` պատճառաբանելով, թե իրեն հասակակիցների միջավայրում կպիտակավորեն որպես «գործ տվող», ինչի համար ինքը կարող է ենթարկվել պարբերական հալածանքների ու ֆիզիկական բռնությունների։ Ծնողները ստիպված հարմարվել են տղային։

Նման պատմություններ ես ու իմ գործընկեր, ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը գրանցել ենք նաև Հայաստանում մեր, այսպես կոչված, գողական ենթամշակույթի ու ժարգոնի ուսումնասիրությանը վերաբերող մի հետազոտության ժամանակ։ «Գործ տվող»-ի պիտակը և «գործ տալու» տաբուն, կարելի է ասել, համատարած մի երևույթ է, որը խիստ նպաստում է հասարակությունում՝ հատկապես դեռահասների ու երիտասարդների միջավայրում, հակահասարակական ու հակաօրինական հանցագործ տարրերի՝ այսպես կոչված, գողականների գերիշխանության հաստատմանը։

Երևույթը բավականին տարածված է բակային ու թաղային միջավայրերում ու նաև դպրոցներում։ Նույնիսկ Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի քննարկման ժամանակ մի շարք պատգամավորներ հանդես եկան հակափաստարկներով՝ պատճառաբանելով, որ նոր օրենքը նպաստում է «գործ տվողներին»։ Բանը հասավ այնտեղ, որ «գործ տալու»-ն նպաստող օրենքի ընդունումը պատգամավորներից մեկը որակեց որպես ոտնձգություն՝ մեր ազգային ավանդույթների դեմ։ Աբսուրդի աստիճանն այն էր, որ նման կարծիք հայտնող պատգամավորը դասավանդում էր նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Այսինքն՝ գողական հասկացությունների դեմ պայքարող սերունդ կրթող իրավաբան դասախոս-պատգամավորը համարում էր ոտնձգություն՝ ազգային ավանդույթների դեմ։ Հարց է առաջանում, թե այդ ինչ է տվյալ երևույթը, և ինչու է «գործ տալու» արգելքը այդ աստիճան տարածված մեր հասարակության մեջ։  

1950-ական թվականներին Հայաստանի մեծ ու միջին քաղաքների բակային ու թաղային միջավայրերում սկսեց տարածվել մի երևույթ, որը հետագայում ստացավ գողական ժարգոն անվանումը։ Այդ ժարգոնը խնդրահարույց չէր լինի, եթե սահմանափակվեր միայն լեզվի կիրառման մակարդակում։ Խնդիրն այն է, որ այդ ժարգոնը կազմված է քրեական վարքագիծ և պրակտիկաներ քարոզող ու տարածող հասկացություններից, որոնք հիմնավորապես արմատավորվեցին հատկապես դեռահաս ու երիտասարդ տղաների կյանքում ու մեծ ազդեցություն ձեռք բերեցին նրանց փոխհարաբերությունների կազմակերպման մեջ։

Արդեն 1970-1980-ական թվականներին գողականը դարձավ երիտասարդության միջավայրում ամենաազդեցիկ ենթամշակույթը։ Այն տարածվում էր, մի կողմից, այսպես կոչված, գողական աշխարհի մասին հյուսվող քրեական առասպելների ու ռոմանտիզմի միջոցով, մյուս կողմից՝ բռնության գործադրման ու վախի։ Այս լեզվին ու պրակտիկաներին հետևող դեռահասներն ու երիտասարդները հատկապես ծաղրով ու քամահրանքով են մոտենում բարեկիրթ, փոխզիջող, իրենց միջավայրում տարածված արտահայտությամբ «կուլտուրական» տղաներին։ Հարց է առաջանում՝ ինչու հանրային կյանքի առումով վնասակար այդ պրակտիկաները այդ աստիճան տարածված են մեր հասարակությունում, և ինչու է այն հատկապես ուղղված հանրային տեսանկյունից ավելի օգտակար վարքագծային նորմերի ու պրակտիկաների դեմ։

Խնդիրն այն է, որ մեր դեռահասներին ու երիտասարդներին կախման մեջ պահող, հակահասարակական բնույթ կրող, այսպես կոչված․ գողական ենթամշակույթը ծագել է 1930-ականներին Խորհրդային Միության ազատազրկման վայրերում։ Բանտային միջավայերում «գողերը» ամենից բարձր կարգավիճակ ունեցող կաստան էին համարվում, որոնց հաջորդում էին, այսպես կոչված, «մուժիկները» կամ «հարիֆները»։

«Մուժիկների» կամ «հարիֆների» գլխավոր հատկանիշն այն էր, որ նրանք, չնայած չէին ապրում «գողերի» կյանքով, սակայն ընդունում էին նրանց հասկացություններն ու նորմերը, որոնց մեջ ամենակարևոր պայմանը բանտային վարչակազմի հետ համագործակցելու արգելքն էր, այսինքն՝ «գործ չտալը»։ «Գործ տալու» տաբուն խախտող բանտարկյալներին ստորացնում էին, և նրանք հայտնվում էին բանտային միջավայրում ամենից անցանկալի կաստայի շարքերում, և նրանց հանդեպ թույլատրվում էր նույնիսկ սեռական բռնությունների գործադրումը։

Այս կաստայական կառուցվածքը, որի ստորագույն աստիճանում հայտնվելու կարմիր գիծը համարվում էր «գործ տալու» տաբուն խախտելը, 1950-ականներին, երբ Ստալինի մահվանից հետո մեծ թվով բանտարկյալներ համաներմամբ ազատվեցին, բերվեց քաղաքացիական կյանք ու տարօրինակ կերպով տարածվեց բակային ու թաղային միջավայրերում, սովորական մարդկանց մեջ։ Հենց այստեղից է ծագում մեր հասարակության սովորական բնակիչների միջավայրում այսօր այդքան մեծ տարածում ստացած «գործ տալու» տաբուն, որը ծառայում է հանցագործ տարրերի ազդեցության տարածմանն ու պահպանմանը։

Խնդիրն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե այն համատարած բնույթ չկրեր և հանցագործ աշխարհի նորմից վերածված չլիներ հասարակական կյանքի նորմի, որը գործում է երիտասարդ սերնդի միջավայրում բարեկիրթ, ստեղծարար, հանրային կյանքի տեսանկյունից օգտակար վարքագծի ձևավորման դեմ։ Թե ինչպես կարելի է հաղթահարել այս երևույթը, այլ խնդիր է, որին կփորձենք անդրադառնալ առանձին հոդվածքով։ Սակայն, ամփոփելով այս հոդվածը, հարկ ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ ԽՍՀՄ բանտային միջավայրից մեր կյանք ներթափանցած այս արատավոր երևույթը որևէ կապ չունի մեր ազգային ավանդույթների հետ և անկախ պետականության կերտման ու առողջ հասարակության ձևավորման լրջագույն խոչընդոտ է։   


Աղասի Թադևոսյան, մշակութային մարդաբան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել