ՍԴ-ն կքննի ՀԴՄ-ների կանոնները խախտելու տուգանքների վիճակելու մասին ՄԻՊ-ի դիմումը
06:50 - 05 մայիսի, 2019

ՍԴ-ն կքննի ՀԴՄ-ների կանոնները խախտելու տուգանքների վիճակելու մասին ՄԻՊ-ի դիմումը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իր դիմումը, որը վերաբերում է Սահմանադրությանը Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի համապատասխանությունը վիճարկելուն:

Գրառման մեջ ասված է․ 

«Այդ դիմումով վիճարկում եմ այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:

Օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։

Մեր դիտարկումը ցույց է տվել, որ խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը: Նորաբաց կամ փոքր կազմակերպությունները հատկապես հայտնվում են տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:

Կարծում եմ՝ առկա վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ պետության անհամաչափ միջամտության։

Գործարարության պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել