Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին
 |azatutyun.am|
20:01 - 16 մայիսի, 2024

Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում և փակել են գյուղ մտնող հենց այն հատվածը, որ անցած ամիս շաբաթներ շարունակ փակ մնաց։ Այստեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կուտակումներ կան։

Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից:

Այնուհետև այստեղ եկան նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, հոգևորականներ։

Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունը իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։

«Սրանից 10-15 օր առաջ մեր պարոն մարզպետն ասել է, որ դուք հող չունեք կորցնելու, ոչ մի միլիմետր չի անցնելու, պարզվում է, որ անցել է։ Հիմա մենք իրեն ենք պահանջում ու ՄԻՊ-ին, թող գան, թող մարզպետն ասի, թե խի է սենց եղել», - ասաց տեղացիներից մեկը, մյուսը հավելեց. «Մեր ժողովուրդը պահանջում է էս սահմանագծում անողներին, որ գա, իրական ձևով մեզ բացատրի՝ ինչու է այդպես»։

Նշում են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այստեղ կգան Մարդու իրավունքների պաշտպանը և իշխանավորներ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել