armsport.am: «Աշխարհի առաջնությունում իմ աշխատանքը գնահատում եմ թերի․ այդ պատճառով կարող եմ թողնել ու հեռանալ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ծանրամարտի ֆեդերացիայի՝ վաղը կայանալիք ժողովի ընթացքում։
Մարզչի խոսքով՝ տարվա ընթացքում գրանցած արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, առաջխաղացում կա, բայց աշխարհի առաջնությունում ելույթները «ձախողում» էր․ «Ի՞նչը չգոհացրեց․ ես ուզում եմ, որ իմ 10 մարզիկներն էլ դառնան չեմպիոն։ Այդ ժամանակ ես գոհ կլինեմ։ Կոլումբիան ծովի մակարդակից 2600 մետր բարձրության վրա է, առաջնությունից առաջ խնդրեցի հավաք կազմակերպել Ծաղկաձորում, ասացին՝ մեծ թենիսի համար դաշտեր են կառուցում, ռուսներն այստեղ են։ 1200 տեղանոց Ծաղկաձորում 12 հոգու համար տեղ չեղա՞վ։ Ծաղկաձորի բազան պետք է ծառայի հայկական սպորտին։ Ուզում եմ, որ գլխավոր մարզիչներն ազատ լինեն հավաքի ընտրության և ժամանակի առումով։ Դա գիտություն է։ Հավաքների ընթացքում մարզիկների սնունդի հարցը ևս պետք է կարգավորվի»,- ասում է Փաշիկ Ալավերդյանն ու ընգծում՝ եթե իր պահանջները չբավարարվեն, ինքը կհեռանա հավաքականից։
Հավաքականի գլխավոր մարզիչն ասում է՝ Կոլումբիայում բոլոր մարզիկներն էլ կարող էին ավելի լավ արդյունքներ գրանցել, եթե նախապատրաստական այնպիսի փուլ անցնեին, ինչպիսին՝ ինքը ցանկանում էր։
Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է նաև Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, որը միջազգային մրցումներում նորամուտը նշելով գերծանր քաշայինների պայքարում, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը․ «Առաջին անգամ էր մասնակցո՞ւմ․ առաջին ու վերջին։
Երեք հոգու չէի կարող տանել աշխարհի առաջնության։ Ուրախացեք, որ 3 հայ մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Ուզում էիք մեր դրոշի ներքո հանդես գա՞ր․ ուրեմն երկուսը պետք է մասնակցեին։ Այդ ժամանակ էլ կասեիք ինչու Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոնին, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնին չեք տարել աշխարհի առաջնության։ Սիմոնը մեծ վնասվածքներ ուներ ամբողջ տարի, ողնաշարի ճողվածքներ ունի։ Բուժումներ արեցինք, որ կարողանա գա մասնակցել»։
Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):
comment.count (0)