Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան դատապարտել է Երևանում տեղի ունեցած միջադեպը |hetq.am|
19:56 - 15 ապրիլի, 2023

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան դատապարտել է Երևանում տեղի ունեցած միջադեպը |hetq.am|

hetq.am: Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (European Weightlifting Federation - EWF) հայտարարություն է տարածել ապրիլի 14-ի երեկոյան Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրելու միջադեպի առնչությամբ։

«Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան վճռականորեն դատապարտում է Երևանում՝ Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը այրել է Ադրբեջանի դրոշը»,- ասվում է եվրոպական ֆեդերացիայի հայտարարությունում։

Եվրոպական ֆեդերացիան իր համերաշխությունն է հայտնել Ադրբեջանի հավաքականին և նշել, որ պատրաստ է ցանկացած տեսակի աջակցության՝ մարզական ոգու և արդար խաղի սկզբունքներով։

«EWF-ն անհապաղ արձագանքել է այդ միջադեպին՝ հայտնելով իր կոշտ դիրքորոշումը մրցաշարի Կազմկոմիտեին և պահանջելով մրցաշարի բոլոր մասնակիցների համար անվտանգության լրացուցիչ երաշխիքենր։ EWF-ն այս միջադեպը եզակի է համարում և կհետևի Կազմկոմիտեի կողմից լրացուցիչ միջոցառումների իրականացմանը»,- ասվում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի հայտարարությունում։ 

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի պետական դրոշին, վերցրել և այրել այն։ Ապա Ադրբեջանից հայտնեցին, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր։

ՀՀ ԿԳՄՍՆ-ից նշել էին, որ Հայաստանն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, իսկ բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ հայտարարել էր, որ  միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար․ «Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանն ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել