tert.am: Երևան քաղաքում այսօր իրականում խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ ընդհանրապես երթևեկության հետ կապված. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին ՀՀ տրանսպորտային պարկն ավելացել է 38 260 տրանսպորտային միջոցներով, 2018 թվականին 73 562-ով, իսկ 2019 թվականին այս պահի դրությամբ 32 115 տրանսպորտային միջոցով:
«Այս տրանսպորտային միջոցների գոնե 50 տոկոսն օգտագործվում է Երևան քաղաքում: Պարզ հաշվարկով տրանսպորտային միջոցով երկու տարի երեք ամսում 420 կմ տրանսպորտային միջոց գտնվում է Երևան քաղաքում, իսկ եթե դա վերածենք քառակուսի մետրի՝ մոտավորապես 110 հա տրանսպորտային միջոց միայն Երևանում է, իսկ եթե վերածենք դա հրդեհային նորմերը պահելուն, այսինքն` 15 քառակուսու փոխարեն լինի 24 քառակուսի մետր, նշանակում է՝ 170 հա Երևանում տարածք է պետք, որպեսզի Երևանում օգտագործվող տրանսպորտային միջոցները կայանվեն»,- ասաց ՃՈ պետը:
Հարցին՝ հնարավոր չէ՞ կանգառում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել հինգ րոպե, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ կարելի է տասը րոպե էլ թույլատրել: «Պատկերացրեք, այսօր մենք տվել ենք մեկ րոպե, բայց երթևեկության հետ կապված նմանատիպ խնդիրներ են առաջացել, եթե ևս մեկ րոպե էլ ավելացնենք, խցանումները կրկնակի կլինեն»,- ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե լուծումն ինչպես են պատկերացնում, նա ասաց, որ պետք է տրանսպորտային միջոցները կայանեն հատուկ հարմարեցված տեղերում կամ վճարովի կայանատեղերում:
Դիտարկմանը՝ հաճախ տաքսու վարորդներն են այդ կայանատեղերում կանգնել, և թույլ չեն տալիս, որևէ մեկն այդտեղ կանգնի, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ արդեն 2.5 տարի է՝ ճանապարհային ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ մեծ ծավալի աշխատանք է կատարում տաքսիների կայանտեղիների հետ կապված:
comment.count (0)