news.am: Մենք հարկերի հավաքագրման բավականին լավ միտում ունենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Դիտարկմանը, որ նախօրեին պարզվեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին միլիոնավոր հարկեր չվճարելու հարց է ծագել, կարո՞ղ են էլի այդպիսի ընկերություններ լինել, որ միլոնավոր հարկեր չեն վճարել, Անանյանն արձագանքեց. «Կարող են լինել եւ այդպիսի ընկերություններ կան, որոնք միլիոնների հարկեր չեն վճարել:
Մեկ տարի է, թե 10 տարի է, մենք աստիճանաբար, կամաց-կամաց հարկային վարչարարության հետ կապված ստվերը կրճատելուն ուղղված մեր քայլերն ենք անում»:
Նա անդրադարձավ նաեւ բյուջեի հավաքագրումների խնդրին՝ նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակում 11,4 մլրդ դրամով գերակատարվել է ծրագրային ցուցանիշը:
«Ապրիլ ամսվա հավաքագրումները համարում ենք առավել քան պոզիտիվ, նույնիսկ ասեմ՝ ռեկորդային, բայց մենք չենք համեմատելու որեւէ բանի հետ, համեմատելու ենք երբ ավարտվի եռամսյակը, որովհետեւ ծրագրային ցուցանիշները եռամսյակային կտրվածքով են: Երեկվա դրությամբ ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ շատ մեծ տոկոսով գերակատարվել է»,-ասաց նա:
comment.count (0)