Ձայնագրությամբ կապացուցեմ, որ Օսիպյանը խառնվում է նախաքննությանը․ Սամվել Հովհաննիսյան |24news.am|
10:40 - 29 ապրիլի, 2019

Ձայնագրությամբ կապացուցեմ, որ Օսիպյանը խառնվում է նախաքննությանը․ Սամվել Հովհաննիսյան |24news.am|

24news.am: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ենթադրյալ եղբորորդու մասնակցությամբ կատարված դանակահարության մեջ մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2014 թվականի հունիսի մեկին է տեղի ունեցել դանակահարությունը և այդ օրվանից տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը և հայրը ցուցմունքներ են տվել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ, ինչը հիմք է հանդիսացել Սեդրակ Օսպիյանի հանդեպ հետախուզում հայտարարելու համար:

«Նա սկզբնական շրջանում չի ներկայացել քննչական մարմիններին, մեկ տարի թաքնվելուց հետո նոր ներկայացել է: Գործը մեկ տարի քննելուց հետո ես տարբեր քննչական մարմիններում ցուցմունքներ եմ տվել:

Վերջում որոշում է կայացվել, որ անհայտ անձի կողմից մարմնական վնասվածք է դիտավորությամբ տուժողին հասցվել և այդ որոշումը կարճվել է: Ես այդ ընթացքում մեկնել եմ ՌԴ, եկել եմ, և տեղյակ չեմ եղել, թե գործն ինչ ընթացքի մեջ է»,- պատմեց Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ 2018-ին Էրեբունուց երկու հոգի՝ մեկն ԱԱԾ աշխատող, մյուսը՝ ոստիկանության, առավոտվա ժամերին իրենց տուն են եկել:

«Ինձ ասում են, որ պետք է ներկայանամ քննչական մարմին, որ ցուցմունքներ տամ, քանի որ գործը վերաբացվել է: Ես ասում եմ՝ ի՞նչ գործ, ասում են՝ դանակահարության գործով: Նշում են, որ նոր հանգամանքներ են երևան եկել, և ես պետք է 17 րոպեում Նուբարաշենից գնամ ցուցմունք տամ:

Ես չստորագրեցի թուղթը, որովհետև 17 րոպեում ոչ մի կերպ չէի կարող Նուբարաշենից Կոմիտաս հասնել: Ասացի, որ մի քանի մարդու պետք է հանդիպեմ, որից հետո կներկայանամ: Ուզում էին թղթի տակ ստորագրել տալ, թե ես չեմ ուզում ներկայանալ և այլն և այլն, բայց ես ասացի, որ ոչ մի բան չեմ ստորագրի, օրվա ընթացքում կներկայանամ»-,- նշեց նա:

Սամվելն ասաց, որ ինքը հետո գնացել և ծանոթացել է երևան եկած նոր հանգամանքների հետ․
«Իսկ դրանք հետևյալն էին, որ փաստացի գործող երեք ամենակարևոր վկաների տված ցուցմունքները բավարար չեն և նոր երևան եկած հանգամանքներով գործը նորից վերաբացվում է, և պետք է կատարվի, իբրև թե, օբյեկիվ քննություն»։

Նրա ասելով՝ գործի քննությունը դանակահարության օրվանից իսկ արդեն խախտվել էր, որովհետև Վալերիյ Օիպյանը գործով որոշ վկաների երեկոյան ժամերին հանդիպել է և ուղղորդել, թե ինչ ցուցմունքներ տան: Ըստ նրա՝ այստեղ արդեն օբյեկտիվության հարց չէր կարող լինել:

Ապա՝ նա մեջբերեց տուժողի եղբոր, հոր և մոր նախնական ցուցմունքներից հատվածներ, որտեղ նրանք հստակ նշել էին, որ տուժողին հենց Սեդրակ Օսիպյանն է դանակահարել:
Սամվել Հովհաննիսյանը վկաների ցուցմունքները կարդալուց հետո ասաց. «Մի՞թե բավարար չեն այս վկայությունները, որ որոշում չկայացվի, թե անհայտ մարդու կողմից է դանակահարությունը տեղի ունեցել:

Հիմա նրանք հերքում են իրենց բոլոր գրածները՝ պնդելով, որ շոկի մեջ են եղել: Տուժողի հարազատների և իմ վերջին առերեսումը եղել է 2018 թվականի վերջին: Ես նրանց միշտ առերեսումների ժամանակ ասել եմ, որ ես չէ, որ պետք է ցանկություն ունենամ, որ Սեդրակը դատապարտվի: Դուք մեր մասին ոչ մի նշում չեք արել, իմ եղբորը չեք բնութագրել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ գործի վերաբացման հիմքը իբրև նոր հանգամանքների ի հայտ գալն է, ինչն ինքը կասկածի տակ է դնում, որովհետև եթե դեպքի վայրում գտնված 5-6 մարդիկ գնում են նախնական ցուցմունք տալիս և բոլորը միաբերան նշում՝ այսինչ մարդն է, հետո որոշ ժամանակ անց բոլորը միաժամանակ խառնաշփոթ են ստեղծում՝ ասելով տարբեր բաներ, անընդհատ նոր անուններ տալիս, ապա դա արվում է, որ գործն անընդհատ երկարաձգվի:

«Միանշանակ Վալերիյ Օսիպյանի կողմից ուղղորդվում է այս ամենը: Եթե դուք նրան հարցնեք, նա կասի՝ նման բան չկա և այլն և այլն: Նա կասի՝ «ես գործի նախաքննությանն ընդհանրապես չեմ խառնվել», այնինչ ես դատարանում կապացուցեմ դիկտաֆոնի ձայնագրությամբ, որ նա լավ էլ խառնվում է նախաքննությանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Օսիպյանը պնդում է, որ իր մոտ չի կանչել իրեն, այլ ինքն անձնական ցանկությամբ է գնացել Օսիպյանի մոտ։

Նա Օսիպյանի այդ հայտարարությունը աբսուրդ որակեց, քանի որ վերծանումներով ապացուցվել է, որ Օսիպյանի հեռախոսից է իրեն զանգ եկել դեպքի հաջորդ օրը:
«Նա ինձ ասել է՝ Սամվել, ես Վալերիյ Օսիպյանն եմ, Երևանի վարչությունում եմ աշխատում, կարո՞ղ ես գալ, տղավարի հետդ խոսելու բան ունեմ»,- ասաց նա և հավելեց, որ ինքն ասել է, թե իրեն չի ճանաչում, բայց նա պնդել է, թե իր մոտ կան ձայնագորություններ, որից հասկանալի է, որ Սարգիսն էլ է ներգրավված դանակահարության մեջ:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ Օսիպյանն այդպես էլ որևէ ձայնագրություն ու փաստ չի ներկայացրել․

«Ես գնացել եմ վարչություն, նա ինձ ասաց. «Սամվե՛լ ջան, պատկերացրու, եթե Սեդրակ Օսիպյանն է խփել, իմ դրության մեջ մտի: Եթե ես օգնեմ Օսիպյանին, դա կդիտվի որպես խտրականություն: Եթե Սարգիսը իր վրա վերցնի, ես էնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանա: Ես նրան կօգնեմ»: Ես էլ նրան պատասխանում եմ՝ եթե օգնող ես, ավելի լավ է Սեդրակին օգնի, Սարգսի հետ գործ չունես»։

Ըստ Սամվելի՝ Վալերիյ Օսիպյանը ցանկանում է մաքրել Օսիպյան ազգանունը:
«Նա ուզում է իր ազգանունը մաքրի: Նա իմ ծնողին է առաջարկել՝ «թող ձեր տղան իր վրա վերցնի մեղքը», դրանից հետո ինձ է նույն առաջարկությունն արդեն արել, թե թող Սարգիսն իր վրա վերցնի, մենք նրան կօգնենք:

Ես վրդովվում էի, ինձ ասում էր՝ ես փոխգնդապետ եմ: Նա մանիպուլիացիայի վարպետ է: Մեր տուն մարդկանց է ուղարկում, քանի որ իմացել է, որ ինձ մոտ կան ձայնագրություններ, որտեղ նա ամեն ինչ բացահայտ ասում է:

Այդ ձայնագրությունները չեմ տրամադրում քննչական մարմնին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչ ապացույց ներկայացնում եմ, նրանք հետո դրան արդարացում են գտնում: Այս անգամ ուղիղ դատարան եմ տանելու այդ ապացույցները»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել