Պարզվել են Ալավերդու ԲԿ-ում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները
13:16 - 05 հունվարի, 2023

Պարզվել են Ալավերդու ԲԿ-ում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

Ավարտվել է Ալավերդու ԲԿ-ում խուլիգանության և բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։ 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են նույն մարզի 36-ամյա բնակչի կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն»-ում կատարված խուլիգանության և բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ․ հունիսի 18-ին, գիշերը, սթափության վիճակի զննություն կատարելու նպատակով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինիս հետ եկած 36-ամյա տղամարդը բուժհաստատության մասնաշենքի 1-ին հարկում՝ ընդունարանի և բժիշկների սենյակի մոտ գտնվող միջանցքում, սթափության վիճակը զննելու կապակցությամբ վիճաբանել է ստուգումն իրականացնելուն նախապատրաստվող՝ հիշյալ ՓԲԸ շտապ օգնության հերթապահ բժշկի հետ, քաշքշել նրա հագուստներից։ Ապա աշխատասենյակից վերջինիս դուրս քաշելով միջանցք՝ նա 3-4 անգամ ձեռքերով հարվածել է բժշկի դեմքին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Այս գործողություններն ուղեկցվել են բարձր աղմուկով, միայն այլ բուժաշխատողների միջամտությամբ է հաջողվել տվյալ անձին դուրս հրավիրել բժշկական կենտրոնից։

Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է բժշկական կենտրոնի և հիշյալ աշխատակիցների բնականոն գործունեությունը, բժշկին չի հաջողվել կատարել սթափության վիճակի ստուգում, իսկ ներկաների մոտ առաջացել է վախի ու տագնապի զգացողություն:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել