ՀՀ նախագահը էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման ու դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները
16:35 - 16 հունվարի, 2023

ՀՀ նախագահը էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման ու դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները

Էստոնիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ողջունելով նախագահ Վահան Խաչատուրյանին, նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը, քանի որ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն ավանդույթներ և զարգացման մեծ ներուժ։ Էստոնիայի նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Էստոնիայում կա թեկուզ փոքր, բայց շատ ակտիվ հայկական համայնք։ Ալար Կարիսն առանձնահատուկ շեշտել է, որ հայերն Էստոնիայի օրինակելի ու օրինապահ քաղաքացիներ են:

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և ընդգծել նման բարձր մակարդակի հանդիպման կարևորությունը։ «Ներկայում Հայաստանը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, ես սիրով ընդունել եմ Ձեր հրավերն այցելել Էստոնիա, քանի որ կարծում եմ, որ մեր երկկողմ հարաբերություններում նախագահական այցերի շուրջ 20-ամյա ընդմիջումը որևէ կերպ չի համապատասխանում երկու երկրների ու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունների ոգուն: Կարծում եմ՝ մենք այն երկրները չենք, որ նման «ճոխություն» կարող ենք մեզ թույլ տալ, և այդ բացթողումը պետք է հնարավորինս ակտիվ կերպով լրացնել և սերտացնել մեր կապերը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական և տարածաշրջանային հիմնախնդիրները, Լաչինի հումանիտար միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը վստահեցրել է, որ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշվել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, թվայնացման, կիբերանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտները»,- նշվում է նախագահականի հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Էստոնիայում գործում է խորհրդարանական կառավարման համակարգ։

 

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի աշխատակազմի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել