Փաշինյանի՝ նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել |hetq.am|
10:58 - 18 հունվարի, 2023

Փաշինյանի՝ նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել:

Սիփան Փաշինյանը համատեղ բիզնես է սկսել Չերկասիում հայտնի Ղազարյանների հետ

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

«ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Հատկանշական է, որ ուկրաինական ռեգիստրում Սիփան Փաշինյանի տվյալներում քաղաքացիության ու գրանցման երկիրը նշված է Ուկրաինան: Նրա եւ Ղազարյան եղբայրների անունների դիմաց որպես հասցե նշված է Չերկասի քաղաքի Դնեպրի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկը: Նույն հասեցում է գրանցված նաեւ «ՉերՎուդ» ՍՊԸ-ն:

Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ եւ Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում:

Ա. Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Ղազարյանների բիզնես գործընկերներից են գործարար Տկաչենկո եղբայրները, որոնցից Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր:

Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների եւ Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» եւ ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է: 

34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ոչ միայն ներգրավված է ընտանեկան բիզնեսում, այլեւ Չերկասիի քաղաքական կյանքում: Նա Չերկասիի քաղաքային խորհրդի պատգամավոր է, դրա խմբակցություններից մեկի ղեկավարը: Ընդ որում՝ առաջին անգամ Ն. Ղազարյանը քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2010-ին՝ 21 տարեկանում:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում

Գլխավոր լուսանկարը՝ «Մեդիամաքս»-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել