ՀՀ վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022 թվականի գործունեության կատարողականի մասին
17:05 - 24 հունվարի, 2023

ՀՀ վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022 թվականի գործունեության կատարողականի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Կադաստրի կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես հայտնում են Կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու նրա տեղակալները զեկուցել են  հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և  միջոցառումների մասին: Նշվել է, որ 2022 թ. աշխատանքներ են իրականացվել քաղաքացիների սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, գրանցման,  գնահատման, գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և այլ բնագավառներում:

Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորման շրջանակում ներդրվել է ազգային գեոպորտալը, որում մուտքագրված են 10 բազային շերտ և 600-ից ավելի մետատվյալ, մշակվել են 12 բազային և 14 թեմատիկ տարածական տվյալների ցանկն ու դրանց ստանդարտացման ուղեցույցները: Իրականացվել են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներ, այժմ քարտեզների 95 տոկոսը վարվում է առցանց ռեժիմով, մեկնարկել է հասցեների միասնական ռեեստրի ներդրման գործընթացը: Գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակը. առցանց տարբերակով ներկայացվել է 93.000 չափագրման փաթեթ, կրճատվել է թղթաշրջանառությունը՝ շուրջ 1 մլն էջ թղթով: Սկսվել է ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացը: Ընթացքի մեջ են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման և ՀՀ հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները:

Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների և օպերատորների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 25 տոկոսը ներկայացվել է առցանց), ինչը թույլ է տվել կրճատել սպասարկման գրասենյակների թիվը՝ 40-ից հասցնելով 35-ի: Մշակվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը, որը ներդրման փուլում է և անվճար տարբերակով հասանելի է լինելու գործող օպերացիոն համակարգերի համար: Ընդ որում, նշվել է, որ առցանց եղանակով կարելի է ավելի շատ ծառայություն ստանալ, քան սպասարկման գրասենյակում: Ընդլայնվել է Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանին հասանելիություն ունեցող պետական մարմինների շրջանակը: «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում ներդրվել է գնահատողների ինքնակարգավորվող ինստիտուտը, կարգավորվել է նաև շարժական գույքի գնահատումը. 2023թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են 70 որակավորված գնահատող, 49 գնահատման  և 1 ինքնակարգավորվող կազմակերպություն: Ներկայացվել են նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի կիրարկման ընթացիկ արդյունքները, որի ամբողջական ներդրումն ակնկալվում է ավարտին հասցնել 2026 թ.:

Մշակվել են կադաստրային վարչարարությունը բարելավող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ս.թ. հունվարի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Նշվել է, որ շարունակական աշխատանք է տարվում էլեկտրոնային համակարգերի ներդրման՝ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման, սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների էլեկտրոնային եղանակով կիրառման և այլ ուղղություններով: Իրականացվել են էլեկտրոնային համակարգի տեքստային տվյալների բազայում իրավունքների սուբյեկտների ճշգրտման աշխատանքներ. նույնականացվել է 1.520000 սուբյեկտ, գործընթացը շարունակվում է: Նոր նախաձեռնությունների շրջանակում են գույքի նկատմամբ սահմանափակումների միասնական համակարգի ներդրման ու թվայնացման միջոցառումները: Նախատեսվում է մեկնարկել անշարժ գույքի գործակալների (բրոքերների) գործունեության կարգավորման և զարգացման բարեփոխումը, որի առաջին քայլն օրենսդրական բազայի մշակումն ու ներդրումն է:

2022 թ. Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը կազմել է 98.8 տոկոս, նախաձեռնվել են կառուցվածքային բարեփոխումներ, որոնցով նախատեսվում է գործող 4 տարածքային ստորաբաժանումները միավորել մեկ միասնական ստորաբաժանումում: Կադաստրային համակարգ կադրերի ներհոսք ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել բուհերի հետ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր:

Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կադաստրային բարեփոխումների վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է ազգային գեոպորտալի գործարկումը, որը կառավարման առումով ռազմավարական նշանակություն ունեցող հարթակ է, և ուշադրություն հրավիրել գերատեսչական տեղեկատվական բազաների փոխգործելիության անհրաժեշտության վրա: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, այդ թվում՝ նաև ակտիվ հանրային իրազեկում իրականացնելու վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը դրական է գնահատել առցանց մատուցվող ծառայությունների աճի դինամիկան, ինչը խթանում է նաև անկանխիկ շրջանառությունը, և կարևորել ինքնաշխատ ծառայությունների շրջանակի ընդլայնումը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի, սահմանափակումների էլեկտրոնային համակարգի ներդրման, ինքնակամ շինությունների հաշվառման, անշարժ գույքի գործակալների գործունեության կանոնակարգման գործընթացներին, թվայնացման օրակարգին, ոլորտային մյուս բարեփոխումներին և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքները նշված ուղղություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել