Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը
19:46 - 25 հունվարի, 2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 19-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով Խորհրդի նորընտիր անդամներին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ պետություն-մասնավոր երկխոսության այս ձեւաչափը շարունակելու է ներկայանալ որպես գործարար շրջանակներին մտահոգող խնդիրները բացահայտելու եւ մասնավոր հատվածի ձայնը որոշումների կայացման գործընթացում լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։ Ընդգծելով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման կարեւորությունը ներառական տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից՝ փոխվարչապետն անդրադարձել է այս ձեռնարկությունների ձեւավորման եւ աճի համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին։

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում քննարկվել են փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ հեռավար եւ համակցված հեռավար եղանակով աշխատանքի ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրման, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցման եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։

Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին, փոխվարչապետ Խաչատրյանը հույս է հայտնել, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձեւավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել