«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից տասը գնում են հանդիպելու ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ |news.am|
10:19 - 01 փետրվարի, 2023

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից տասը գնում են հանդիպելու ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ |news.am|

news.am: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը․ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։

Այս պահին աշխատակիցներից տասը գնում են հանդիպելու ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ։ Աշխատակիցները մինչ այդ իրենց բողոքը հայտնեցին՝ նշելով, որ պատրաստ են օգնելու շուկայի տնօրինությանը՝ կարճ ժամկետում վերացնելու խնդիրները։ Նրանց խոսքով՝ իրենք ընտանիք են պահում, վարկեր ունեն ու չեն կարող անգամ մեկ ամիս չաշխատել։

 ««Մալաթիա» տոնավաճառում աշխատում է 600-700 մարդ, այստեղ աշխատում ենք 30 տարի, շատ գոհ ենք մեր տնօրենից. Բոլորս պարտքերի տակ ենք, պահում ենք մեր ընտանիքները, բայց հիմա փակում են, մեզ թույլ չեն տալիս աշխատել»,- տոնավաճառի տարածքում բողոքի ակցիայի ժամանակ նշեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

«Սա ոչ թե շուկա է, այլ մեր ընտանիքն է, մենք 30 տարի իրար հետ աշխատում ենք: Էստեղ անասնագոմ է եղել, մեր փողերով է կառուցվել տոնավաճառը:

Եթե հարցը հրդեհային անվտանգությունն է, ժամանակ տվեք, միթե՞ սա չի կարելի կարգավորել: Մեզ ժամանակ տվեք, որ կարգավորենք իրավիճակը, եթե ինչ-որ բան այն չէ: Այստեղ կապրիզի հարց չէ: Թող մի քիչ էլ ժամանակ տան:

Մեզ մոտ սեզոնային ապրանքներ են, ամեն օրը նշանակություն ունի: Եթե այս տարի չվաճառենք, հաջորդ տարի էլ չի վաճառվելու այդ ապրանքը: Եթե, ասենք, էլեկտրոցանցից եկել են ձեր տուն եւ ինչ-որ բան այն չէ, քեզ տնից դուրս չեն շպրտում, այլ պահանջում են կարգավորել»,-ասաց նա:

Աշխատակից կինը նաեւ դիմեց երկրի վարչապետին. «Պարոն վարչապետ, պարոն Մարուքյան, պարոն Բաբաջանյան, դուք ընտրությունների ժամանակ եկաք շուկա, մենք ձեզ լսեցինք, մենք ձեզ ընտրել ենք, եկեք սրա պատասխանը տվեք: Մենք պահանջում ենք գալ այստեղ: Երբ դուք նեղն եք ընկնում, ասում եք՝ ժողովուրդը մեր թիկունքին է: Հիմա էլ դուք եկեք կանգնեք մեր թիկունքին»:
Մեկ ուրիշն էլ նշեց, որ իրականում հակահրդեհային անվտանգության առումով տոնավաճառին ներկայացված 7 պահանջներից 10-12-ը կատարված է. «Թող 2-3 ամիս ժամանակ տան, մնացած պահանջներն էլ կատարեն, ոչ թե փակեն տոնավաճառը»:

Ավելի վաղ ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել