armtimes.com: 2019 թվականի առաջին եռամսյակում կայացվել է 423 հազար 466 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի 510 հազար 707-ի փոխարեն: Այս մասին այսօր ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
«Խախտումների արձանագրման կենտրոնի կողմից տեխնիկական միջոցներով 2019 թվականի առաջին եռամսյակում կայացվել է 323 հազար 107, իսկ 2018 թվականի առաջին 3 ամիսներին՝ 431 հազար 563: Ճանապարհապարեկային աշխատակիցների կողմից 2019 թվականին արձանագրվել է 99 հազար 359 խախտում, 2018 թվականի 75 164-ի համեմատ»,- նշեց Եգոր Կարապետյանը:
Ոչ սթափ վիճակում վարորդների թիվը 2019-ի առաջին եռամսյակում եղել է 1624, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1346: Հայտնաբերվել է առանց համարանիշի 56 մեքենա, որը 51-ով ավելի է նախորդ տարվանից:
2019 թվականի առաջին 3 ամիսներին պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4413 մեքենա՝ նախորդ տարվա 3067-ի համեմատ:
«Բնակչությանը նաեւ շատ է հետաքրքրում, թե որքան մեքենա է ներկրվել եւ հաշվառվել այս տարի: 2019-ի ապրիլի 29-ի դրությամբ 32 հազար 119 մեքենա է հաշվառվել, որը 13 հազար 519-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2018 թվականի ապրիլի 29-ին հաշվառված է եղել 18 հազար 596 մեքենա:
Ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը 2019 թվականի առաջին եռամսյակում եղել է 937, որոնց հետեւանքով 63 զոհ եւ 1400 վիրավոր է եղել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը եղել է 768՝ 75 զոհով եւ 1124 վիրավորով:
Կարապետյանը նաեւ ասաց, որ «Խաչմերուկի հատված» գծանշման՝ այսպես կոչված «վաֆլիների» վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն է ներկայացրել, եւ մայիսի 5-ից վարորդները կսկսեն տուգանվել՝ 5000 դրամի չափով:
«ՃՈ-ն երբ գծանշումն արեց, հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի եւ սովորի: Արդեն այսօր Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է փոփոխություններ, մայիսի 5-ին արդեն բավականին փոփոխություններ են ուժի մեջ մտնելու, որոնցից մեկը «վաֆլիներն» են: Մենք նորից կգծանշենք այն խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ եւ արդեն կտուգանվեն: 5000 դրամ տուգանքի մասին է խոսքը»,- նշեց Եգոր Կարապետյանը:
Շարունակությունը՝ այստեղ
comment.count (0)