fip.am: Մի խումբ մարզիկներ և ֆեդերացիաներ նոյեմբերի 19-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը:
Հայտարարությունը ստորագրել է 28 ֆեդերացիաների 116 ներկայացուցիչ, այդ թվում՝ 24 մարզիչ և 53 մարզիկ:
Հայտարարությանը միացած անձինք իրենց դժգոհությունն են հայտնում, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, «այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության որոշումը»։
«Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած»,- նշվում է հայտարարությունում։
Ըստ հայտարարության՝ հայկական մարզաշխարհում միշտ գնահատվել են բարոյական բարձր արժեքներն ու ավանդույթները, և Մել Դալուզյանի «մեծարման ուղղված հետևողական վարքագիծը» անընդունելի է։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել հայտարարության մեջ ներկայացված փաստերը։
«Մել» ֆիլմը նկարահանվում է պետությա՞ն որոշմամբ
Այսպես, հայտարարության առաջին պարբերությունում նշվում է, որ Դալուզյանին նվիրված ֆիլմը պետության որոշմամբ է նկարահանվել։ Սակայն դա սխալ է։
«Մել» վավերագրական դրամայի մտահղացումը պատկանում է «Բարս Մեդիա» ՍՊԸ-ին: Ֆիլմի ռեժիսորներն են Իննա Սահակյանը և Պոլ Կոհենը: Այն 2019 թվականին մասնակցել է Ազգային կինոկենտրոնի մրցույթին՝ պետական դրամաշնորհ ստանալու նպատակով: Դրա արդյունքում ֆիլմը ստացել է 20 մլն դրամի ֆինանսավորում: Սակայն այն ֆինանսավորում են նաև այլ կազմակերպություններ՝ Ճապոնիայից, Կանադայից և Եվրոպական Միությունից: Հավելենք, որ, ըստ հաստատված կանոնակարգի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը չի կարող ունենալ ազդեցություն ֆիլմերի ընտրության հարցում: Մրցույթներին ներկայացված ֆիլմերը գնահատում է փորձագիտական հանձնախումբը:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարող ենք փաստել, որ հայտարարությունում առկա միտքը, թե Մել Դալուզյանի մասին ֆիլմը նկարահանվում է պետության որոշմամբ, սխալ է:
Շարունակությունը՝ fip.am։
comment.count (0)