ՊՆ նախկին շենքից ոստիկանները դուրս են բերում բնակիչների գույքը
 |news.am|
12:45 - 27 փետրվարի, 2023

ՊՆ նախկին շենքից ոստիկանները դուրս են բերում բնակիչների գույքը |news.am|

news.am: Ոստիկաններն այս պահին ՊՆ նախկին շենքից դուրս են բերում տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակչուհի Ռուզաննա Պողոսյանը։

«Մեզ տասն օր ժամանակ էին տվել իրերը տեղափոխելու համար, բայց մենք դրանք տանելու տեղ չունենք։ Ոստիկաններն այժմ կոպիտ ձեւով դուրս են բերում մեր գույքը, մենք էլ չենք կարողանում մոտենալ։ Մեզ ասել են, որ տանելու են ՊԵԿ-ից ինչ-որ կառույցի մոտ, որ մենք գնանք, վերցնենք, բայց մենք ինչպե՞ս ենք գնալու։ Համաձայն ենք՝ թող իջեցնեն, մենք վրաններում կտեղավորենք, բայց հիմա անորոշ վիճակում ենք»,- նշեց Ռուզան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել