Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
13:53 - 22 նոյեմբերի, 2019

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևին և բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանին։

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի խոհրդական Ավետիս Հովհաննիսյանը և Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։

Դմիտրի Լադիկով-Ռոևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հակիրճ ներկայացնելով բանկի գործունեությունը, տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակը և ակտիվանում բանկի ներդրումային գործունեությունը։

Նա նշել է, որ բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի հետ, առավել սերտ համագործակցել և բարձրացնել իր դերակատարումը ֆինանսական գործընթացներում։

Դմիտրի Լադիկով-Ռոևը Վարոս Սիմոնյանին է ներկայացրել բանկի առաջարկությությունները, որոնցից մեկը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը։

Վարոս Սիմոնյանը ողջունել է բանկի նախաձեռնությունը և նշել, որ նախարարության կողմից նույնպես կա ցանկություն ԵԱԶԲ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության, հատկապես ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Փոխնախարարը վստահեցրել է, որ ԵԱԶԲ-ի առաջարկությունները կքննարկվեն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունները կստանան նախարարության աջակցությունը։

Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ 2020 թվականի գարնանը նախապատրաստվում է խոշոր ներդրումային համաժողովի անցկացում, որին կմասնակցեն հեղինակավոր ներդրողներ, բանկեր, և առաջարկել է Եվրասիական զարգացման բանկին նույնպես մասնակցել միջոցառմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել