Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար
12:23 - 18 հունիսի, 2025

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:

Այս մասին Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Նա նշեց, որ ցանկանում են կալանքը որպես խափանման միջոց կիրառել, Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը:

Պաշտպանական խմբի անդամ Լիաննա Գասպարյանը հայտնեց, որ այս պահին կալանավորելու միջնորդություն դեռևս ներկայացված չէ։

Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն է՝  «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»:

Ըստ հոդվածի՝ «արարքը պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

Գասպարյանը նշեց, որ նման հոդվածով կալանքի տանելը վկայում է, որ «գործընթացը ապօրինի է»: 

Պաշպանները հայտնեցին նաև, որ մոտ 50 բերման ենթարկված անձ կա:

Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ-ն հայտնել է մի խումբ անձանց բերման ենթարկվելու մասին, ժամը 3-ի սահմաններում նաև Սամվել Կարապետյանն է բերման ենթարկվել:

News.am-ի զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի վերաբերյալ հայտարարություններին՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին»։

Կարապետյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Այսօր էլ Փաշինյանը նշել է. «ՀՀ-ն ժողովորդավար երկիր է, ՀՀ-ում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող: Ինչքան էլ ժողովրդավարություն, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել