Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` անցկացվել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Նիստի մասնակիցները քննարկել են  ԵԱՏՄ անդամ-պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը, որը ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթում խնդրին առնչվող լրամշակում կատարելու նպատակով։

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով հայկական կողմի առաջարկները, ընդգծել է, որ ազատականացման գործընթացը տնտեսական ինտեգրացիայի կարևոր բաղադրիչներից է և ռազմավարական ուղղությունների փաստաթղթի տրանսպորտային ոլորտին առնչվող չհամաձայնեցված հարցերի շուրջ անհրաժեշտ է առաջնորդվել հավասարության և միասնականության տրամաբանությամբ։

«ՀՀ կառավարությունը համակարծիք է Բելառուսիայի իր գործընկերների առաջարկին և համոզված, որ ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին, ԵԱՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողի համար կստեղծի հավասար պայմաններ, իսկ որոշ դեպքերում, այն է՝ երրորդ երկրի փոխադրողների նկատմամբ, մրցակցային առավելություններ»,-ասել է նախարար Պապիկյանը:
Առաջարկվող կարգավորումը, նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, բխում է ԵԱՏՄ անդամ երկրների ոչ միայն ազգային բեռնափոխադրողների, այլ նաև քաղաքացիների շահերից, քանի որ այն կապահովի տրանսպորտային մատչելի ծառայություններ և շուկայական ապամենաշնորհային պայմաններ, ինչի արդյունքում կնվազի փոխադրվող ապրանքների սպառողական գինը:

Նիստի ընթացքում մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները անդրադարձել են  առաջարկվող կարգավորման համապատասխանությանը ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին, մտքեր փոխանակել  դեպի երրորդ երկրներ ավտոմոբիլային բեռնափոխադրումներին վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումների շուրջ։

Քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրասիական տնտեսական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։