armtimes.com: Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերված եւ կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում:

Նա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Նշենք, որ Լեւոն Սարգսյանի գործը քննվում է ԱԱԾ-ում:

Մամուլում նրա ձերբակալումից հետո տեղեկություններ էին շրջանառվում, թե Սարգսյանը հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի եւ այդ պատճառով էլ նրան չեն արտահանձնի ՀՀ-ին:

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նա հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է ՌԴ իրավապահների միջնորդությունը եւ 40 օրով կալանավորել Սարգսյանին: Նա ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: