Արա Բաբլոյանի գործով ՀՔԾ քննիչը նախկինում եւս առարկություն է ներկայացրել հսկող դատախազի որոշման դեմ |pastinfo.am|
12:58 - 19 փետրվարի, 2020

Արա Բաբլոյանի գործով ՀՔԾ քննիչը նախկինում եւս առարկություն է ներկայացրել հսկող դատախազի որոշման դեմ |pastinfo.am|

pastinfo.am: Առաջին անգամ չէ, որ ՀՔԾ-ն առարկություն է ներկայացրել հսկող դատախազի որոշման դեմ։ Այս մասին ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու գործով հսկող դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի առարկությանը։ 

«Դեկտեմբեր ամսին, երբ համանման իրավիճակ էր ստեղծվել, երբ 300-րդ հոդվածով դատախազի կողմից կայացվել էր վերադարձնելու որոշում, այսինքն՝ մեղադրական եզրակացությունը չէր հաստատվել, այդ ժամանակ ևս ՀՔԾ-ն առարկություններ էր ներկայացրել վերադաս դատախազին»,- նշեց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ վերադաս դատախազը ոչ միայն միացել էր հսկող դատախազի որոշման պատճառաբանությանը, այլև՝ որակապես և հիմնավոր կերպով զարգացրել այն՝ գտնելով ՀՔԾ քննիչի առարկությունն ակնհայտ անհիմն։

«Իմ կողմից ներկայացված ցանկացած միջնորդություն ՀՔԾ կողմից մերժվում էր և ձևակերպումը «ակնհայտ անհիմն» մշտապես շրջանառվում ՝ իբրև մի հատուկ երևույթ։ Ուզում եմ տեղեկացնել, որ համանման հիմնավորմամբ մերժվել էր առարկությունը՝ հսկող դատախազի վերադասի կողմից»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն առարկության մերժման որոշմամբ չէր բավարարվել և փորձել է առարկություն ներկայացնել Գլխավոր դատախազին, այն պարագայում, երբ Քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ սահմանված չէ, ինչի հետևանքով այն վերադարձվել էր։
Ինչ վերաբերում է ՍԴ լիազորությունների յուրացմանն, ապա Վարդևանյանը նշեց, որ ՍԴ լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որոնք սպառիչ են։

«ՍԴ լիազորությունների մեջ չի եղել և երբեք, առնվազն այս խմբագրության Սահմանադրության պայմաններում, չի կարող լինել ՍԴ նախագահի ընտրությունը։ ՍԴ նախագահի ընտրությունն իրենից ենթադրում է ընթացակարգ և ՍԴ դատավորի յուրաքանչյուրի իրավունք՝ առաջադրվելու և ընտրվելու»,- նշեց Վարդևանյանը՝ շեշտելով, որ իրավունքի տեսության համաձայն՝ ընտրվելը չի կարող լինել լիազորություն։

«ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՍԴ նախագահի լիազորության, ՍԴ նախագահի ընտրության մասով և հենց այս հիմքով էլ դատախազությունը չի հաստատում մեղադրանքը, որովհետև ուղղակի նման հիմքով չի կարող հաստատվել։ Այդ ժամանակ պետք է ՀՀ-ն լինի աշխարհի միակ երկիրը, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունը ներկայացվում է ամբողջ ՍԴ-ի լիազորությունը»,- ասաց Վարդևանյանը։

Վերջինս ընդգծեց, որ ծանոթացել է Դատախազության հաղորդագրությանը, որը վերաբերում էր արարքի որոշակի այլ հատկանիշներով որակմանը, ապա ամբողջ խնդիրը կառուցված է «Ազգային ժողովի կանոնակարգ» հին և նոր սահմանադրական օրենքի կիրառելիության հարցի շուրջ, որտեղ Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ։

Ավելին՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել