Արտադրամասում աշխատած իտալացին ջերմիջեցնող դեղերով ԱՆ-ից թաքցրել է վիճակը․ Նիկոլ Փաշինյան
19:40 - 18 մարտի, 2020

Արտադրամասում աշխատած իտալացին ջերմիջեցնող դեղերով ԱՆ-ից թաքցրել է վիճակը․ Նիկոլ Փաշինյան

Շենգավիթի արտադրամասում վարակը սկսվել է Իտալիայից ժամանած իտալացուց, որը թեև եղել է ԱՆ հսկողության տակ, սակայն ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել։ Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին դեպքը, որ մարտի 1-ին ունեցանք, Իրանի ճյուղն էր, այդտեղ զարգացում ունեցանք ընդամենը երեք դեպք, և սա ոչ այնքան մեր գործողությունների շնորհիվ, որքան այդ քաղաքացու պատասխանատու մոտեցման, որ ինքը հստակ հետևել էր ԱՆ հրահանգին և արագ ահազանգել էր։ Մեզ էլ հաջողվեց արագ մեկուսացնել»,- նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ ցավոք, մյուս դեպքերում մի փոքր այլ իրավիճակ ունեցանք, և վարակն ավելի ընդլայնված տարածվեց։

«Այնուամենայնիվ, մեր մարտավարությունը, երբ որ Էջմիածնում կարողացանք որոշակիորեն կայունացնել, հիմա հույս ունենք, որ արտադրամասում ևս կկայունացնենք։ Այսինքն՝ նոր ճյուղերի զարգացում այս պահին չոունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։ Եվ եթե տեսնենք, որ այս մեթոդն այլևս անիմաստ է, մենք ունենք պայքարի երկրորդ, երրորդ տարբերակները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով՝ 102 դեպքից 75 տոկոսը երկու աղբյուրից են․ առաջինը՝ Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ, երկրորդը՝ արտադրամասի։

«Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել»,- պարզաբանեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել