Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել
18:04 - 27 փետրվարի, 2020

Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին:

Արցախի նախագահի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ որ Բակո Սահակյանը կարևորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը և հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին:

Զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության և մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները՝ անդրադարձ կատարելով Արցախում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող և նախատեսվող աշխատանքներին:

Խորհրդակցության ընթացքում Սահակյանն անդրադարձել է նաև Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին: Նախագահն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն և, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել