Բանակցային դիրքերի, ժողովրդավարության ու բարոյահոգեբանական առումով մենք անհամեմատ ամուր դիրքեր ունենք․Արսեն Խառատյան
10:18 - 26 հունվարի, 2020

Բանակցային դիրքերի, ժողովրդավարության ու բարոյահոգեբանական առումով մենք անհամեմատ ամուր դիրքեր ունենք․Արսեն Խառատյան

Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ թելադրողը մենք ենք

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում արված կոչը արձագանք գտավ Արցախի նախագահի 4 թեկնածուների կողմից: Ելնելով հնչած հայտարարություններից կարող ենք հստակ ասել, որ մինչ այս բանակցված հայտնի Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի համար հնացած, կամ անընդունելի են: Սա չափազանց կարեւոր արձանագրում եւ ուղերձ է ինչպես մեր` ներքին լսարանի, այնպես նաեւ Ադրբեջանի, միջնորդների եւ միջազգային հանրության համար:

Այսպիսով, կրկին անգամ վերահաստատվում է այն իրողությունը, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքում ձեւավորված լեգիտիմ իշխանությունը, արցախյան կարգավորման հարցում որեւէ կաշկանդվածություն չունի: Նոր կառավարությունը` նախկինի բանակցային պարտավորություններն իրականացնելու, կամ` իշխանության գալու համար ներքին պայմանավորվածություններ չունի ո՛չ առանձին արտաքին խաղացողների, ո՛չ էլ միջազգային կառույցների հետ: Ինչո՞ւ, որովհետեւ իր մանդատը ստացել է ոչ թե Բրյուսելից, Մոսկվայից կամ Վաշինգտոնից, այլեւ իր ժողովրդից:

Սա բացառիկ իրավիճակ է մեր նորագույն` առնվազն քառորդդարյա պատմության ընթացքում, երբ ավելի քան ակնհայտ է, որ բանակցային դիրքերի, ժողովրդավարության ու բարոյահոգեբանական առումով մենք անհամեմատ ամուր դիրքեր ունենք: Վարչապետ Փաշինյանի` Կապանում արված հայտարարությունը հետհեղափոխական շրջանում ընդդիմություն դարձած նախկինների մեղադրանքներն առավել քան անհեթեթ են դարձնում:

Մեծ հույս ունեմ, որ հող հանձնողի, կամ գաղտնի պայմանավորվածությունների մասին միֆական պնդումներ անողներին տրված պատասխանը սպառիչ է: Ավելին, եթե նրանց` Արցախի հարցում ջանքերը համատեղելու բազմիցս հնչած հայտարարություններն իրական են, ապա առաջիկայում առնվազն զերծ կմնան սպեկուլյատիվ բնույթի կեղծ մեղադրանքներից: Ընդ որում, սա առավելապես ձեր շահերից է բխում, քանի որ ամեն նոր փուլում հանրությանն էլ ավելի հասանելի է դառնալու, թե ներքին լեգիտիմություն չունենալով իշխանություն պահելու համար փոխզիջումների ինչպիսի սահմաններ եք պատրաստ եղել հատել»։

Աներկբա է, որ արցախյան կարգավորման գործընթացը թեւակոխել է աննախադեպ նոր փուլ` քանդելով անցյալի միֆերն ու թելադրող դարձնելով հայկական կողմերին:

Կողմնորոշվեք սիրելիներ, դուք ո՞ւմ կողմից եք...


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել