Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունները
21:22 - 25 ապրիլի, 2024

Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունները

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ներկայացուցիչ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում: Ստորեւ՝ այդ հանդիպումների մասին Արցախ Միության մամուլի հաղորդագրությունը։

Նստաշրջանի օրակարգում էր Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի ներքո Ադրբեջանի պարտավորությունների կատարումը: Վերջինիս վերաբերյալ I.C.Law-ն, Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն մարտի 18-ին համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Կոմիտեին ներկայացրած Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին:

Խոսնակները ելույթ են ունեցել Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների համար նախատեսված ճեպազրույցում՝ ներկայացնելով 2016-ից ի վեր ադրբեջանցիների կողմից էթնիկ ատելության հիմքով հայերի նկատմամբ խոշտանգումների դեպքերը: Նրանք ընդգծել են, որ ադրբեջանական հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է 2020-2023թթ. խոշտանգումների և այլ ոճրագործությունների կտրուկ աճի, որոնց հետևանքով Արցախի ժողովուրդը ենթարկվել է տասնամսյա շրջափակման և ամբողջական ու բռնի տեղահանման:

Քալֆայանն ու Բեգլարյանը հատուկ անդրադարձել են ադրբեջանական բանտերում տեղի ունեցող խոշտանգումներին՝ հղում անելով հայրենիք վերադարձած հայ գերիների վկայություններին: Այդ համատեքստում նրանք կարևորել են միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ պաշտպանելու և ազատելու ադրբեջանական բանտերում որպես գերի պահվող հայերին:

Մասնակցելով նաև Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամների և Ադրբեջանի պատվիրակության միջև քննարկմանը՝ ՀԿ-ների ներկայացուցիչները հերթական անգամ արձանագրեցին, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները բազմաթիվ կեղծ տեղեկություններ տրամադրում միջազգային հանրության ներկայացուցիչներին, կոծկում իրենց կատարած զանգվածային ոճրագործությունները և ամբողջապես խեղում ղարաբաղյան հակամարտության էությունը:

Կոմիտեի փորձագետ և երկրի համազեկուցող Թոդ Բուխվալդն ասաց, որ բազմաթիվ հաղորդումներ են եղել հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին․

«Մի սարսափելի տեսանյութում երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գլխատում տանջվող հայ տղամարդու, իսկ հավաքված ամբոխը՝ ծափահարում և ոգևորում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ազգամիջյան ատելության այս և այլ դեպքերը հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։

Ադրբեջանի պատվիրակությունը պատասխանել է, որ Ադրբեջանը ժխտել է հայ ռազմագերիների նկատմամբ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան վերաբերմունք չցուցաբերելու մասին պնդումները։ Ըստ պատվիրակության անդամների՝ ռազմագերիները չեն ենթարկվել խոշտանգումների և ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին։

Պատվիրակությունը նաև պնդել է, որ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է իրականացրել՝ տեսագրված հայ կալանավորների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Ըստ նրանց՝ որոշ զինվորականներ մեղավոր են ճանաչվել հայկական դիակները և գերեզմանները պղծելու մեջ և ենթարկվել են կարգապահական տույժերի կամ բանտարկության, իսկ Հայաստանի քաղաքացիների սպանության համար երկու անձ դատապարտվել է ազատազրկման։

Քալֆայանն ու Բեգլարյանը նաև հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի, Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի և այլ մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նրանք ներկայացրել են տվյալ մարմինների լիազորություններին առնչվող ադրբեջանական հանցագործություններն ու հիմնախնդիրները, որոնց բախվել և բախվում են հայերն Արցախում ու Հայաստանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել