04.10.2019թ. www.hetq.am կայքում հրապարակվել է «34 միլիոն դրամի գնումներ Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի եղբոր ՍՊԸ-ից» վերտառությամբ հոդվածը, որն իրականացված ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն: Մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։

Ձեռք բերված տվյալներով հաստատված է համարվել, որ յուրաքանչյուր տարի պետության կողմից ուսումնական գործընթացը կազմակերպելու համար կրթօջախներին գումար է հատկացվել, որով դպրոցների տնօրինությունը ձեռք է բերել դասավարման մատյաններ, օրագրեր, գրենական պիտույքներ, անհրաժեշտ այլ պարագաներ։

Այդ նպատակով Գավառի տարածաշրջանի մի շարք դպրոցներ 2017-2019թթ. պետության կարիքների համար մեկ անձից գնումների ընթացակարգի պահպանմամբ ապրանքի մատակարարման պայմանագրեր են կնքել «Բայազետ-96» ՍՊԸ-ի հետ, որի խանութ սրահից էլ, բանկային փոխանցումների միջոցով կատարված վճարմամբ, ձեռք են բերել դպրոցական պարագաները:

Միաժամանակ պարզվել է, որ «Բայազետ-96» ՍՊԸ-ն պատկանում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբորը, իսկ ընկերությունը ապրանքներ է մատակարարել նաև Գավառի թիվ 1 հատուկ դպրոցին, որի տնօրենը հանդիսանում է նրանց քույրը:

Ըստ նախապատրաստված նյութերի՝ ընկերությունը մրցութային ընթացակարգով Գավառի թիվ 1 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, գրենական պիտույքներից բացի, մատակարարել է նաև տնտեսական ապրանքներ և սննդամթերք՝ պայմանագրով նախատեսված տեխնիկական-բնութագրին, գնման ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:

Ելնելով դրանից՝ հետաքննության մարմինը եզրակացրել է, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք չեն բերվել տվյալներ առ այն, որ ընկերության և մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող մի շարք դպրոցների միջև պայմանագրերի կնքման գործընթացում ընկերության տնօրենի և Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբայրներ լինելու հանգամանքը որևէ ազդեցություն է ունեցել և գնումների գործընթացում չարաշահումներ են եղել: Արդյունքում կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Սակայն Գեղարքունիքի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրման և կայացված վերոնշյալ դատավարական որոշման օրինականության ստուգման արդյունքում դատախազը հանգել է եզրակացության, որ նախ՝ հետաքննության մարմնի տրամադրության տակ չեն եղել նման եզրահանգման գալու համար բավարար փաստական տվյալներ:

Բացի այդ, նկատի ունենալով հատկապես, որ գրենական պիտույքներից բացի, ի տարբերություն այլ դպրոցների, սննդամթերք, տնտեսական այլ ապրանքներ մատակարարելու պայմանագրեր են կնքվել փոխկապակցված անձանց կողմից ղեկավարվող այս դպրոցի և նման ուղղվածություն չունեցող ՍՊԸ-ի միջև, նյութերի նախապատրաստման սահմանափակ դատավարական ժամկետների պատճառով բավարար ստուգման չի ենթարկվել գնման գործընթացում օրենսդրական պահանջների պատշաճ կատարման հանգամանքները:

Ելնելով դրանից՝ դատախազը գտել է, որ իրականացված գնման գործընթացների օրինականությունը, մատակարարման գործըթնացի կազմակերպման վրա դպրոցի և մատակարար ընկերության ղեկավարների փոխկապակցված լինելու հանգամանքների ազդեցությունը հնարավոր է պարզել և առկա կասկածները փարատել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում առավել լայն քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործիքակազմի կիրառման պայմաններում, դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը: