Գյումրու ինֆեկցիոնի բժիշկները չեն ուզում տուն գնալ․ Շիրակի մայր բուհի հյուրատունը հատկացվեց նրանց |aravot.am|
19:47 - 29 մարտի, 2020

Գյումրու ինֆեկցիոնի բժիշկները չեն ուզում տուն գնալ․ Շիրակի մայր բուհի հյուրատունը հատկացվեց նրանց |aravot.am|

aravot.am: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում էր կատարել  իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ տեղեկացնելով, որ երկու օր առաջ Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, վերջինիս անմիջական հարևանությամբ գտնվող ՇՊՀ հյուրատունը ժամանակավորապես  տրամադրել է հերթապահող բժիշկներին՝ նրանց համար հատուկ կեցության միջավայրի վերածելով:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն ասաց, որ հյուրատունը ծառայել է դրսից հրավիրված դասախոսներին, միջազգային կոնֆերանսների ժամանակ հյուրընկալված հյուրերին ու շարժունության ծրագրով Գյումրի եկած ուսանողներին։

«Ես երկու օր առաջ մարզպետից առաջարկ ստացա, նրան դիմել էին ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողները՝ խնդրելով ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը, մարդիկ չեն ուզում տուն գնալ։ Մարզպետից առաջարկ եղավ, ես շատ օպերատիվ արձագանքեցի, համաձայնեցի դրան։ Բուժաշխատողների՝ մարզպետին դիմելուց մեկ ժամ հետո հարցը լուծված էր, ես ու մարզպետը եղանք տեղում, մեր համապատասխան աշխատակիցները ևս եկան, եկավ  նաև ինֆեկցիոնի տնօրենը և շատ արագ պայմանավորվեցինք, թե ինչպես ենք կազմակերպելու։

Մեր հյուրատան կորպուսը ռազմական ամբիոնի ներսում էր, բայց այնտեղ ընդհանուր միջանցքով դուռ կա, այդ դուռը երկու կողմից հերմետիկ փակ է։ Ավելին, այդ տարածքը մեր աշխատակիցներն ամբողջությամբ մեկուսացրեցին, այսինքն՝ այն ամբողջությամբ անջատված է և միայն ինֆեկցիոնի կողմից կարող են մտնել, դուրս գալ։ Այդ տեսակետից բոլոր պաշտպանիչ միջոցները գործադրված են, բուժաշխատողների համար բոլոր պայմանները կան՝ առանձին սենյակներ՝ իրենց լոգարաններով, ճաշասենյակ կա, եթե կարիք լինի։

Մենք մեր ունեցած գույքն ամբողջությամբ հանել ենք, հետագայում ախտահանելուց հետո կմնա միայն կահույքի ախտահանման պրոցեսը։ Ինձ թվում է՝ մենք պարտավոր էինք անելու,համալսարանը միայն կրթական միջավայր չէ, համալսարանը նաև հասարակական ու սոցիալական պատասխանատվություն պիտի կրի, շատ կարևոր է նման որոշումներ կայացնելը նաև դաստիարակչական տեսանկյունից, որպեսզի մեր ուսանողներն էլ  հասկանան՝ միասնությունը, միասնական ճակատով նման իրավիճակներում պայքարելը շատ կարևոր է։

Բժիշկները, որոնք պիտի հանգստանան ու անցնեն հերթափոխի, գործնականում անցնելու են ընդամենը 25-30 մետր, դա շատ կարևոր է, որ քաղաքում նրանք չեն տեղաշարժվելու մեծ հեռավորությունների վրա։ Ավելին, Աստված մի արասցե, եթե նրանց կարիքը լինի, գիշերվա որ ժամին էլ լինի, նրանք 2-3 րոպե հետո կլինեն հիվանդի կողքին»,-ասաց Երվանդ Սերոբյանը։

Շարունակությունը՝ aravot.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել