Գործադիրը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին |news.am|
08:26 - 26 սեպտեմբերի, 2019

Գործադիրը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Նախագծով օրենքի 14-րդ հոդվածը լրացվում է հետեւյալ բովանդակությամբ. «Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացվում է sանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի նպատակով ՀՀ պետական սահմանը հատող անձանց եւ բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության եւ, անհրաժեշտության դեպքում, առողջապահական (բժշկական, կանխարգելիչ եւ սահմանափակող) միջոցառումներ:

Նշված լիազորությունը նախկինում իրականացվում է ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին որեւէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել:

Հետեւաբար, նշված լիազորության` օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն` առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով եւ հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:

Առաջարկվում է նախագծով ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել եւ կվերանա օրենսդրական բացը, կապահովվի օրենքում օգտագործվող տերմինները միատեսակ կիրառումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա օրենսդրական բացը եւ լիազորող նորմ սահմանել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համար` հնարավորություն տալով վերջինիս սահմանի անցակետերում իր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել