hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկը, որը վերաբերում է դատավորների բարեվարքության չափանիշների սահմանմանը:

Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում փոխվել է հայտարարագրման ինստիտուտին առնչվող պահանջները:

Ըստ փաթեթի` դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից` մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, նման դեպքերում գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:

Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել. հարցազրույցի ընթացքում ԲԴԽ-ն հաշվի է առնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված խորհրդատվական բնույթի եզրակացությունը թեկնածուի բարեվարքության վերաբերյալ:

Ներդրվել է դատավորների գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը:

Գույքի փոփոխությունը եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին:

Փոփոխություններից է նաև այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվում է 25-ի:

Նախարարի խոսքով` փաթեթի վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ առաջարկներով են հանդես եկել, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը` ոչ:

Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ փաթեթի վրա շատ աշխատանքներ են տարվել:

«Այն նպատակաուղղված է դատական իշխանության անկախության և արդյունավետության բարձրացմանը: Մենք լուծում ենք այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել 2015 թվականից հետո դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունների արդունքում: Այս փոփոխություններով փորձ է կատարվում ապահովել այնպիսի միջավայր, որ քաղաքացիների մոտ բացարձակ վստահություն լինի դատական իշխանության ներկայացուցչների նկատմամբ»,-ասաց Վարդանյանը: Ըստ նրա` փոփոխություններն ուղղված են նրան, որ հնարավորություն լինի պարբերական սկսբունքով ստուգել դատավորների բարեվարքությունը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն, պնդեց` փաթեթը դատական համակարգի առջև դրված խնդիրները չի լուծելու:

«Փաթեթն ընդունում ենք այնպես, որ 2017 թվականից հետո նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, մինչ այդ նշանակված դատավորի նկատմամբ որևէ բան չի կարող լինել, բա էսքան քննարկումները որ դատական իշխանունը պետք է վեթինգի ենթարկվի, ոնց ենք անում»,- ասաց նա։