Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|
09:01 - 31 մայիսի, 2019

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Առաջին ատյանի դատարանում արդեն երրորդ անգամ է քննվում հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի խափանման միջոցի հարցը:

Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Ի սկզբանե Հարությունյանը մեղադրյալ էր ներգրավվել «Մարտի 1-ի գործի» շրջանակներում միայն ապացույց կեղծելու համար, և նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր:

2018 թվականի դեկտեմբերի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի: Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել էր ու նորից կալանքի միջնորդություն ներկայացրել:

Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել, և այս դատական ակտը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, որով էլ կայացվել է դատական ակտը բեկանելու որոշումը:

2019-ի փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել:

Նման պայմաններում պետք է ի կատար ածվի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, համաձայն որի՝ փաստորեն, գործը նորից ուղարկվել է առաջին ատյանի դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել