armenpress.am: Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հսկող դատախազի որոշման համաձայն՝ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։
Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
comment.count (0)