pastinfo.am: Դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա ընդգծեց, որ հատկապես բաց տարածքներում իմաստ չունի այն կրել. «Կարիք չկա ընկնել դրանց հետևից։ Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ են կրել արդեն հաստատված հիվանդությունով հիվանդի հետ աշխատելիս։ Այդ բժշկական դիմակները հիմնականում նախատեսված են բժշկական անձնակազմի համար՝ նրանց առօրյա աշխատանքում»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով դիմակների քանակին՝ նախարարն ասաց, որ 150 հազարից ավել պահեսավորված դիմակ ունեն՝ նախատեսված բժշկական հաստատությունների համար. «Շուտով նաև գնում ենք կատարելու։ Ճիշտ է գներն ամբողջ աշխարհում բարձրացել են։ Նաև հնարավորություն ունենք տեղում դիմակների արտադրություն կազմակերպելու։ Սակայն դրանք հիմնականում բժշկական նշանակության են և ավելի շատ պետք է կրի նաև այն մարդը, ով պոտենցիալ վարակակիր է»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ քաղաքացիներին կոչ անելով հատուկ դիմակների գնումով և պահեստավորումով ինտենսիվ չբաղվել։