shantnews.am: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը այսօր՝ նոյեմբերի 6-ին, անդրադառնալով բուհում անցկացվող բողոքի ակցիային և դասադուլին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը դեմ է դասադուլին՝ բոլոր ժամանակներում, բայց, ցավոք, երբեմն դասադուլները ստիպված են այդ քայլին դիմում:
«Ես մտածում եմ, որ ճիշտ կլիներ, որ դասերից դուրս այդ նախաձեռնությունը ցուցաբերեին, բայց երիտասարդ են, անհամբեր, երևի հարմար են գտել այդպես»,- ասաց Արծրուն Ավագյանը:
Ինչ վերաբերում է նոր որոշմանը, որը նախատեսում է բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնել, դեկանը նշեց, որ այս նախագծին դեմ է, քանի որ դեռ դրա ժամանակը չէ:
«Այո´, գուցե պետք է գա ժամանակ, որ բուհերում ընտրական եղանակով պետք է անցնեն լեզու, գրականություն և պատմություն, բայց միայն այն դեպքում, երբ դպրոցը լիարժեք կվերակառուցվի, այդ գիտելիքները հիմնավորապես կուսուցանվեն դպրոցներում և նոր կարելի է հանգիստ անցնել բուհերից այդ խնդիը հանելուն, իսկ հիմա գլխիվայր է շուռ տված, դպրոցը դեռ չվերականգնված` բուհերից հանում են այդ առարկան, իսկ այդ առարկան մեր ժողովրդի գոյատևման ճանապարհին էական, ես կասեի` անփոխարինելի դեր է խաղում»,- ընդգծեց դեկանը:
Նրա խոսքով` արդեն 30 տարի է, ինչ ողբերգական վիճակում է գտնվում դպրոցական կրթությունը Հայաստանում, և քիչ բան է արվում շտկման համար:
comment.count (0)