Այսօրվա ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին, նշեց, որ այդ խնդիրների մեծ մասը գալիս է նախկինում բուհական համակարգի կոռումպացված լինելուց։

«Մեր կրթական, մասնավորապես բուհական համակարգը կոռուպցիայի հենասյուներից մեկն է եղել, և այդ ավանդույթը իջեցվել է մինչև դպրոց, որովհետև մեր երեխան առաջին դասարանում տեսել է․ որ բոմբոներկայով կարելի է գնահատական ստանալ, երկու բոմբոներկայով կարելի է ավելի լավ գնահատական ստանալ, բոմբոներկայով և ոսկե շղթայով կարելի լավ քառորդ փակել»,- ասաց նա։

Վարչապետի նաև անդրադարձավ բուհերում հայոց լեզվի ուսուցումը պարտադիր լինել/չինելու հարցին։

«Բոլորը մոռանում են, որ կա դպրոց, որը ավարտած և ատեստատ ունեցող մարդը պետք է տիրապետի գրական հայերենին։ Բոլորը մոռանում են, որ կա ընդունելության քննություն, և բուհ ընդունվել, առանց հայերենի իմացությունը հաստատելու, հնարավոր չէ»,- նշեց նա։

Վարչապետը նաև անդրադարձավ հայոց եկեղեցու պատմություն առարկային։ Ըստ Փաշինյանի՝ քայքայիչ գործունեություն է այն, երբ ասում են, թե հայոց եկեղեցու պատմությունը պետք է հայ ժողովրդի պատմությունից առանձին դասավանդել։

Վարչապետը կարծում է, որ նախկինում դպրոցներից և բուհերից չեն բողոքել քաղաքական նկատառումներով։

«Ընտրությունների ժամանակ իշխանությունը զանգել է, նախընտրական հանրահավաքների ժամանակ ֆոն են դարձել այդ մարդիկ, հարցեր են լուծել, ուսանողներին հանրապետականացրել են, բանակներ են ձևավորել, որ քաղաքական նպատակներով օգտագործեն։ Մեր պլանը հետևյալն է․ բարեփոխումներ անել հանրակրթական համակարգում, բուհական համակարգում, բուհերի կազմակերպման նոր տրամաբանություն դնել։ Այն ուսանողը, որ դիպլոմով դուրս եկավ բուհից, պետք է գնա և ընդունվի աշխատանքի»,- ասաց նա։