Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Այդ մասին հայտարարվեց EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվեց COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:

«Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին. այն է՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:

Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են երկանիվ տրակտորների և տնկիների տրամադրում, Կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, գյուղատնտեսական փոքր սարքավորումների և գործիքների տրամադրում, հետ-բերքահավաքում ներգրավված դերակատարներին աջակցություն, Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերի մասին բուկլետների հրատարակում, արտադրության ընթացքում վիրուսի անվտանգության կանոնների մասին իրազեկում, տեխնիկական աջակցություն (հեռավար մասնագետների խորհրդատվություն և բիզնես մոդելների մշակում) Կառավարության կողմից պոտենցիալ ֆինանսական օժանդակություն ստացող արտադրողներին, հատկապես անապահով խավերին:

Ներկայացված կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումները ֆինանսավորվելու են EU-GAIA ծրագրի ներկայիս միջամտության տրամաբանության և բյուջեի շրջանակներում։ Միջոցառումներն ուղղված են հատկապես ծրագրի թիրախային մարզերում ստեղծված իրավիճակում առավել սոցիալ-տնտեսական խոցելի խմբերի համար: Միջոցառումներն առաջարկվել եւ իրականացվելու են Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի նիստը նախագահում էին Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և Միջազգային օգնության / համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բագիոլին: Առցանց հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արտյոմ Շահվերդյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երեւանյան գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ՄԱԶԾ ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը և այլ ներկայացուցիչներ:

Անդրադառնալով Խորհրդատվական հանձնաժողովի նիստի արդյունքներին՝ Անդրեա Բագիոլին հիշեցրեց, որ EU-GAIA ծրագրի միջամտությունը նաև հաշվի է առնում կլիմայի փոփոխության մեղմացման և ադապտացման (հարմարվողականության) միջոցառումները, ներառյալ կլիմայի փոփոխության հանդեպ դիմացկուն սերմերի ներդրումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը և կենսաբազմազանության պաշտպանությունը, ռեսուրսախնայող  (էներգաարդյունավետ) տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի խթանումը: Այս առումով, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում COVID-19 ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված համապարփակ աջակցության միջոցառումների շրջանակներում կարող են ներառվել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի առաջարկությունները, այն է՝ սկսել քննարկումները մերձափնյա եւ անտառաշերտ գոտիներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու ուղղությամբ, որպես խոցելի խմբերի անմիջական սոցիալ-տնտեսական աջակցության միջոց, ինչպես նաեւ ստեղծել համընդհանուր կապ Սեվանի լճի տարածաշրջանում գյուղատնտեսական միջամտությունների և ջրի մաքրման նախագծի միջև: